«Դեղագետի հաջողության բանաձևը»․ Լամարա Իսախանյան

«Դեղագետի հաջողության բանաձևը»․  Լամարա Իսախանյան

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից Լամարա Իսախանյանը շնորհավորանքներ հղելով սիրելի ֆակուլտետի 50-ամյակի առթիվ կիսվել է մասնագիտական հաջողություններով՝ համոզված նշելով՝ եթե ամենօրյա կյանքում, գործունեության մեջ չկա պայքար հանուն նպատակի երբեք չես կարողանա հասնել հաջողության:

«Դեղագիտական ֆակուլտետ ընդունվել եմ 1972 թվականին: Չեմ պատրաստվել ոչ բժիշկ, ոչ դեղագետ դառնալ, դա ծնողներիս ցանկությունն էր:  Առաջին օրերին անտրամադիր եմ գնացել դասի, քանի որ  ցանկանում էի իրավաբան դառնալ, որն այդ տարիներին անհասանալի երազանք էր, և, քանի որ սիրում էի քիմիա առարկան, որոfշել էի հաջորդ տարի ընդունվել Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ: Սակայն անօրգանական քիմիայի առաջին դասախոսության ժամին, երբ լուսահոգի պրոֆեսոր Մխեյանը առաջին անգամ մտնելով լսարան մեզ շնորհավորելուց հետո ասաց՝ «Գիտե՜ք, որ  դուք պատմական անձ եք: Պատմության մեջ մարդիկ մտնում են որևէ կարևոր, գիտական հայտնագործություն անելով, սակայն դուք ձեր կամքից անկախ պատմական անձ եք դարձել՝ նորաբաց  դեղագործական ֆակուլտետի առաջին շրջանավարտը դառնալով:   Պատկերացրեք 50 տարի հետո՝ որպես պատմական անձ ձեզ ինչպես են փնտրելու: Այ, օրինակ, մյուս տարի պատրաստվում ենք նշելու մեր ինստիտուտի հիմնադրման 50 տարին, որի կապակցությամբ մենք այսօր «ճրագի լույսով» ենք փնտրում մեր ինստիտուտի առաջին շրջանավարտներին, 50 տարի անց նմանապես Ձեզ են փնտրելու: Այս խոսքերն ինձ ոգևորեցին, տրամադրությունս բարձրացրին և վերացրին հաջորդ տարի համալսարանի քիմիական ֆակուլտետ ընդունվելու իմ մտադրությունը»,-պատմում է դեղագետը:

Լամարա Իսախանյանի խոսքով՝ եթե ունես կամք նպատակներդ իրագործելու, ապա այն անպայման իրականություն կդառնա. «Իրավաբան դառնալու երազանքս իրականցրի 30 տարի անց՝ 2002թ.-ին՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանականի ավարտական դիպլոմային աշխատանքի վրա աշխատելիս ես ամենօրյա կարիք էի զգում դեղերին հպվելու, որն ինձ բերկրանք էր պատճառում, լարված առօրյային դիմանալու ուժ տալիս, և այնժամ միայն հասկացա, որ սիրում եմ իմ մասնագիտությունը և չեմ հրաժարվի դեղագետի մասնագիտությամբ աշխատելուց, սակայն իմ երկրորդ մասնագիտությունն ինձ միշտ օգնել է հաղթող դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից, որի համար անհրաժեշտ են եղել իմ՝ իրավաբանի գիտելիքները»:

ԵՊԲՀ շրջանավարտը չի մոռանում առաջին դասարանի իր ուսուցչուհու դասերից այն մեկը, երբ վերջինս խոսելով գիտելիքներ ձեռք բերելու կարևորության մասին ասում էր, որ գիտելիքը «զենք» է. «Ես, իմանալով որ գիտելիքը մարդ սպանելու գործիք է, մի քանի անգամ հարցրի և ուսուցչուհուցս միևնույն պատասխանը լսելով այն համառորեն չէի ընդունում: Ուսուցչուհիս հասկացավ, որ գիտելիքի զենք լինելը ես ընկալում եմ միայն ուղիղ իմաստով, շարունակեց և ասաց. «Քո գործը հիմա սովորելն է, դու քո գործը լավ արա, և երբ մեծանաս, կհասկանաս, թե ինչպես է գիտելիքը մարդ «սպանում»: Ամբողջ կյանքում միշտ սովորել եմ և ինչքան սովորել եմ, այնքան հասկացել եմ, թե ինչքան շատ բան ունեմ սովորելու և ամեն անգամ, երբ իմ գիտելիքների շնորհիվ հաղթանակ եմ տարել, ակամայից հիշել եմ իմ առաջին  դասարանի ուսուցչուհուն և գիտելիքով «մարդ սպանելու» նրա դասը, որն ամբողջ կյանքում իմ ուղենիշն է եղել»:

Խոսելով աշխատանքային գործունեության մասին նշում է՝  մոտավորապես 20 տարի աշխատել է Երևանի թիվ 1 դեղատանը, ապա ամուսնու հետ հիմնել իր սեփական բիզնեսը՝ «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը:

«1997 թվականից սկսած առ այսօր աշխատում եմ իմ սեփական բիզնեսում՝ «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվության ընկերությունում, որպես գործող ութ դեղատան տնօրեն, ընկերության իրավախորհրդատու և որակավորված գլխավոր հաշվապահ: Ի դեպ, հաշվապահի իմ մասնագիտական գիտելիքները ձեռք եմ բերել ինքնուս, իսկ որակավորված հաշվապահի վկայականը ստացել եմ ՀՀ ֆինանսների նախարարությունում համապատասխան քննություններ հանձնելուց հետո»:

«Մեր ֆակուլտետին ցանկանում եմ, որ այն բարգավաճի, ունենա շատ խելացի ու բանիմաց և իրենց գործը սիրող շրջանավարտներ, որոնք կզարգացնեն մեր ոլորտը: Թող հարատևի մեր ֆակուլտետը և կարողանա նշել իր հարյուրավոր ամյակները»,-շնորհավորելով Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակը, ամփոփելով իր խոսքը, նշում է Լամարա Իսախանյանը: