Ալվարդ Նասիբյանը սովորում է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսում` անվճար հիմունքով։ 2022-2023 ուսումնական տարում նա «Հակոբ Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու է:
«Ինձ համար բժշկությունը միշտ եղել է բոլոր մասնագիտություններից ամենագրավիչը, որին ես անընդհատ ձգտել եմ ու սիրել, և այդ սերն էլ ավելի է ամրապնդվել իմ ուսումնառության ընթացքում։ Մասնագիտության ընտրության հարցում, առավել ևս բժշկության մեջ, ամենակարևորը սերն է»,-ասում է ապագա դեղագետը:
Մեծ է նրա ցանկությունը հետագայում իր ներդրումն ունենալ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացման գործում` չբացառելով մասնագիտական այլ ուղղությամբ զբաղվելը:
Դեղագիտական ֆակուլտետի ուսանողի գնահատմամբ` իրականում դեղագետն ունի մասնագիտական գործունեություն ծավալելու լայն սպեկտոր` սկսած դեղատնային գործունեությունից, ավարտած հանրային առողջապահության կազմակերպմամբ։
Բուսական ռեսուրսներով հարուստ մեր երկրում նա հեռանկարային է համարում դեղաբույսերի ուսումնասիրումը և ինչու չէ նաև տեղական արտադրության խթանումը։
Ուսանողը կարևորում է դեղագետ-բժիշկ համագործակցությունը, որը, նրա կարծիքով, նպաստում է դեղաբուժության արդյունավետության բարձրացմանը:
Նա նկատում է, որ բժշկությունը բավականին բարդ և պատասխանատու մասնագիտութուն է, և բժշկական համալսարանում սովորելը հեշտ չէ: Բայց ապագա դեղագետը վստահ է՝ դժվարությունները հաղթահարելի են.
«Կարևորը այդ բարդ ու երկար ճանապարհին չհանձնվելն է։ Դեռևս առաջին կուրսում իմ առջև հստակ պայման եմ դրել` կամ դառնալ լավ մասնագետ կամ ընդհանրապես չլինել այս ոլորտում: Եվ այս տարիների ընթացքում առաջնորդվելով այս սկզբունքով և մեծ ջանքեր գործադրելով՝ հասել եմ բարձր առաջադիմության և արժանացել անվանական կրթաթոշակի»:
Ալվարդ Նասիբյանի համար մեծ պատիվ է արժանանալ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակին, որն իրեն մոտիվացնում և պարտավորեցնում է էլ ավելի լավ սովորել ու ձգտել ավելիին։
Նշենք, որ 1922 թվականին Հակոբ Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր: Քանի որ նախատեսված էր համալսարանում ունենալ բժշկական ֆակուլտետ, որի ստեղծումը մինչ այդ հետաձգվել էր, չլինելով բժիշկ՝ համալսարանի առաջին ռեկտորը մեծ ջանքեր գործադրեց ազգային բժշկական կադրերի պատրաստման գործընթացն արագացնելու ուղղությամբ: 1922-23 ուսումնական տարում բժշկական ֆակուլտետը գտնվում էր համալսարանի ռեկտորի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նրա տնօրինության օրոք՝ 1927 թվականին համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտեցին առաջին շրջանավարտները: Մեծ է Հակոբ Հովհաննիսյանի ավանդը ինչպես ֆակուլտետի ամբիոնների ստեղծման, այնպես էլ համալսարանին կից գործող բժշկական կենտրոնական միացյալ լաբորատորիայի հիմնման և անատոմիկումի շենքի կառուցումը սկսելու գործում: