Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովի երկրորդ և երրորդ օրերը հագեցած էին թե՛ արծարծված արդիական թեմաներով, թե՛ մասնագետների բազմազանությամբ։
Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ, Մարթա Սիմոնյանն անդրադարձավ դեղագետի դերին դեղերի բացթողնման ժամանակ մասնավորապես և առողջապահական համակարգում ընդհանրապես։ «Մեզնից յուրաքանչյուրը, ավելի կատարելագործվելով և տեղում մեր գործն անելով, կկարողանա ավելի լավ առողջապահական համակարգ ձևավորել։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դեղագետի գործն է միայն առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի բացթողումը», – ընդգծեց Մարթա Սիմոնյանը։
«Վիրու՞ս թե՞ բակտերիա․ ի՞նչ պետք է առաջարկի դեղագետը» խորագրով զեկույցի շրջանակում նա նշեց, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ հաճախակի են դառնում մրսածության և սուր շնչառական վարակների դեպքերը, որոնց բուժման համար հակաբիոտիկներ ընդհանրապես անհրաժեշտ չեն։
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Մարիա Փաշայանի զեկույցը վերաբերում էր բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետում կենսատեխնոլոգիական կրթության ներդրմանը՝ ձեռքբերումներին, մոտեցումներին և մարտահրավերներին։ «Ֆակուլտետի կարևորագույն ձեռքբերումներից են կենսատեխնոլոգիաները, որոնք մեծ ազդեցություն ունեն ժամանակակից դեղագիտության ոլորտում, և օրեցօր աճում է մասնագետների քանակը», – ընդգծեց մասնագետը։
Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվեցին նաև դեղերի որակի գնահատման և դեղերի գրանցման չափանիշները։
Գիտաժողովի ավարտին արտերկրից ժամանած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։
Հիշեցնենք, որ Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված բժշկագիտական միջոցառումը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի տանիքի ներքո էր համախմբել 12 երկրի հայ և արտասահմանցի առաջատար մասնագետներին։