Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովը, որը նվիրված է Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին:
Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ողջույնի խոսքում շեշտեց․ «Այսօր մեզ համար կարևոր օր է։ Մենք նշում ենք Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյա հոբելյանը։ Մեկդարյա պատմության ընթացքում բժշկական համալսարանն իր նշանավոր ձեռքբերումներով անգնահատելի ծառայություններ է մատուցել և իր նպաստը բերել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին՝ ամուր թիկունք ապահովելով, «սպիտակ բանակ» ձևավորելով և բոլոր փորձություններում լինելով գործընկեր և նվիրյալ»։ 100 տարվա ընթացքում, ռեկտորի խոսքով, բժշկական համալսարանը ոչ միայն առողջապահական, այլև լրջագույն սոցիալական և մշակութային նպաստ է բերել մեր ժողովրդին՝ ձևավորելով Երևան քաղաքի գիտական միտքը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և անկախ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու բացառիկ գրավականը։«Որպես ռեկտոր՝ այսօր պետք է հստակ զեկուցեմ մեր շրջանավարտներին, մեր այսօրվա ուսանողությանը հորդորեմ, որ բժշկական համալսարանը, չնայած այն դժվարություններին, որոնք բաժին են հասել վերջին տարիներին մեր ժողովրդին, շարունակում է իր զարգացումը, իր հաղթարշավը և կարողանում է այսօր իր ուրույն տեղն ունենալ բժշկական կրթության համաշխարհային շուկայում։ Ֆակուլտետի գործունեության 50 տարվա ընթացքում մենք կարողացանք ինքնուրույն ապահովել մեր երկրից բավականին հեռու երկրներում մասնագիտական դաշտը և այլևս կարիք չունենք նման մասնագետներով ապահովելու մեր առողջապահական համակարգը։ Առանձնահատուկ կուզեի հարգանքի տուրք մատուցել և հիշել մեր ականավոր նախարար, ուսուցիչ, գիտնական, բժշկապետ Էմիլ Գաբրիելյանին։ Նրա նորարարական մոտեցումը թույլ տվեց ձևավորել հիմնական կորիզը, հրավիրել նվիրյալ անձանց, որոնք կարողացան ապահովել այս ֆակուլտետի զարգացումը», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։
Ձեռքբերումների հետ մեկտեղ, ըստ բուհի ղեկավարի, բժշկական համալսարանն ունի իրեն բաժին հասած դժվարությունները և իր կողմից ձևավորված ակադեմիական ազատությունների շրջանակում ու ինքնավարության սկզբունքի հիման վրա կառուցված զարգացման ճանապարհը։
«Մենք ձևավորելու ենք նոր լաբորատորիաներ, շեշտակի զարգացնելու ենք այս ֆակուլտետը։ Այս ֆակուլտետի շրջանավարտները, ավարտելով ԵՊԲՀ-ն, ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի բազմաբնույթ շուկաներում կարողանում են գտնել իրենց աշխատատեղը, ապահովել իրենց զարգացումը», – հավելեց Արմեն Մուրադյանը։
Ելույթի ավարտին ռեկտորն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ նախկին երկարամյա ռեկտոր, բժիշկ-դեղագետ, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանին՝ ֆակուլտետի կայացման գործում ունեցած ներդրման համար, և բոլոր մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք ու արժանապատիվ խաղաղություն։
Բժշկագիտության նվիրյալ Վիլեն Հակոբյանը ևս բացման խոսքով հանդես եկավ համաժողովի ընթացքում։ «Դեղագիտական ֆակուլտետը և նրա գոյության 50 տարին անգնահատելի դրական ազդեցություն են ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Մինչև ֆակուլտետի ստեղծումը մասնագետները հատուկենտ էին, իսկ այսօր կարող ենք լիիրավ ասել, որ ֆակուլտետի շրջանավարտները բարձր են պահում իրենց մասնագիտության պատիվը։ Դեղագիտական կրթությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին», – նշեց նա։
Ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ՌԴ գիտությունների և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, պրոֆեսոր, 1991-2017 թթ․ ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի Վ.Վ.Զակուսովի անվան Ֆարմակոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սերեդենինը ՌԴ գիտությունների ակադեմիայի անունից շնորհավորեց Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակը։ «Մեր հարաբերություններն ու համագործակցությունը երկարամյա պատմություն ունեն։ Միջոցառման մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք», – նշեց ակադեմիկոսը։
Դեղագիտական ոլորտի ներկայացուցիչներից Մարգարիտա Վարդանյանը հիշեց․ «1972 թվականին մենք շատ քիչ ռեսուրսներ ունեինք, նյութատեխնիկական բազան նոր էր հավաքվում, սակայն դա մեզ միայն ոգևորում էր»։ Մասնագետը դասավանդել է ԵՊԲՀ-ում մինչև Արցախյան առաջին պատերազմը։ «Ինձ մեծապես օգնել է այս համալսարանում տիրող ակադեմիական մթնոլորտը, դասախոս-ուսանող հարաբերությունների մշակույթը։ Պատահական չէ, որ մեր երկրում կրթությունը հայտարարված է գերակայություն․ կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը», – հավելեց Մարգարիտա Վարդանյանը։
Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը ներկայացրեց ֆակուլտետի 50-ամյա պատմությունը՝ հիմնականում նկարներով, որոնք հաճելի հիշողություններ արթնացրին ներկաների մոտ։ «Էմիլ Գաբրիելյանի նախաձեռնությամբ ստեղծվեց այն ժամանակ Դեղագործական ֆակուլտետը։ Տասը տարի հետո ֆակուլտետը դարձավ սոցիալիստական մրցության հաղթող, ինչը ֆիքսված է «Ապագա բժիշկ» թերթում», – հիշեցրեց դեկանը։
Բագրատ Ենոքյանն անդրադարձավ մասնագիտական ամբիոնների վարիչներին և ֆակուլտետի կայացման գործում նրանց ներդրմանը։
Դեկանն առանձնահատուկ հիշեց շրջանավարտ և դասախոս Վահե Մելիքսեթյանին, որն անմահացավ 44-օրյա պատերազմի ժամանակ։
«50 տարին արդեն հասուն մարդու տարիք է։ Փաստ է, որ Դեղագիտական ֆակուլտետը կայացել է։ Իսկ դժվարությունները պետք է փորձենք հաղթահարել միասնական ջանքերի շնորհիվ», – ընդգծեց դեկանը։
Համաժողովին ելույթներով հանդես եկան նաև Դեղագիտական ֆակուլտետի գործընկերները։ «Լիկվոր» դեղագործական ընկերության գործարանի տնօրեն, Խորհրդի անդամ Ռաֆայել Մաթևոսյանը շեշտեց․ «Հպարտ ենք բժշկական համալսարանի հետ մեր երկարամյա համագործակցությամբ։ Արդեն 2 տարի է, ինչ գործում է Համագործակցության հուշագիրը, որի շրջանակում մեկտեղվում են ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի դեղագիտական ոլորտի զարգացման։ Ֆակուլտետի շրջանավարտները մեր ընկերությունում անցնում են արտադրական պրակտիկա։ Համագործակցության եզրերը բազում են»։
«Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Կարեն Թոփուզյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը՝ որպես դեղագործական ոլորտի խոշոր ներկրող, ինչպես նաև անդրադարձավ տեխնիկական նորարարությունների ներդրմանը․ «2010 թվականից սկսած՝ մենք կիրառում ենք դեղերի պահեստավորման նորարարական համակարգ, որը միակն է տարածաշրջանում»։
Համաժողովի առաջին օրվա ընթացքում զեկույցներ ներկայացրին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի մասնագետ Կոնսեպսյոն Գոնսալես-Բեյոն և նույն համալսարանի դեղագիտության և դեղագիտական տեխնոլոգիաների ամբիոնի մասնագետ Ֆրանսիսկո Խավյեր Օտերո-Էսպինարը։
Հիշեցնենք, որ Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված բժշկագիտական միջոցառումը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի տանիքի ներքո է համախմբել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի հայ և արտասահմանցի առաջատար մասնագետներին։