Պատերազմի ևս մեկ մասնակից, մերօրյա հերոս Գոռ Գևորգյանը, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Ընտանեկան (ընդհանուր) ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատորը, պատերազմի թեժ օրերին Ստեփանակերտի, Արցախի հոսպիտալներից վիրավորներ էր տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Կլինիկական օրդինատորը զինվորական ծառայությունն անցել է Եղնիկների զորամասում 2018-ից մինչև 2020 թվականի հուլիս: Ծառայության ընթացքում ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում գործուղվելով Երևան Գոռը դասընթացներ է անցել՝ հարստացնելով ռազմական գիտելիքները: Երկու եղբայրները ևս պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էին Արցախում: Եղբայրներից մեկը Մարտակերտում էր, մյուսը՝ Քարվաճառում:
Գոռի ծառայության ավարտից մոտ երկու ամիս է անցնում`պատերազմի լուրը լսելով նա կամավորագրվել է՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից համակարգվող կամավորական խմբին, որն աջակցում էր Արցախից Հայաստան տարբեր ծանրության վնասվածքներ ստացած վիրավորներին տեղափոխելու աշխատանքներին:
«Մեկնելիս գերադասում էի օգնություն ցուցաբերել հոսպիտալում, քանի որ այնտեղ կար բուժանձնակազմի կարիք : Մենք հաճախ գիշերում էինք հենց այդ հոսպիտալների բունկերներում»,- պատմում է սովորողը:
Պատերազմի վերջին օրը 15 վիրավոր զինվոր է տեղափոխել 1 մեքենայով: Իր անձնական արխիվում արդեն պատմական նշանակության լուսանկարներ ու տեսանյութեր է պահպանում, որպես տխուր, բայց միասնական օրերի վկայություն: Պատահական լուսանկարներից մեկն արված է Ստեփանակերտի հոսպիտալի բունկերում:
«Վիրավորումը տղայի մոտ գլխի գագաթային շրջանում էր: Բժիշկներից մեկին էի օգնում, երբ ռացիայով կապ տվեցին` նրան կանչելով վիրահատարան, բժիշկն արագ ինձ տվեց կարգադրությունները, փոխանցեց լանցետը: Վարորդին խնդրեցի լույս պահել, բժիշկը կողքիս չէր արդեն: Այդ պահին վիրահատելիս, ինձ շատ օգնեց անցած տարիների սովորածը: Դրա համար անչափ շնորհակալ եմ ինձ կրթած, գիտելիքների փոխանցած մասնագետներին: Կտրվածք կատարեցի, մշակեցի վնասված մակերեսը և հեռացրեցի բեկորը: Ամեն բան ճիշտ էր արված, դա հետո փաստեցին նաև բժիշկները: Նման իրավիճակներն անփուսափելի են պատերազմում»,- հիշում է Գոռը, որը յուրաքանչուր վիրավոր զինվորի, որին տեղափոխել է Երևան, միշտ այցելել է, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար Գոռ Գևորգյանն արժանացել է ՀՀ ԱՆ պատվոգրի:
Ստոմատոլոգիան ընտրել է` հետևելով պապիկի օրինակին: Պատերազմի մասնակից ապագա նեղ մասնագետըն այժմ վիրավոր զինվորների հետ է աշխատում՝ աջակցելով նրանց ատամնաբուժական խնդիրների լուծմանը:
Բուժառուների գոհունակությունը երիտասարդ հերացիականի համար ամենամեծ գնահատականն է բժշկության բնագավառում: