Քրիստինե Ավետիսյանը ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է, Վահան Արծրունու անվան կրթաթոշակառու: Նա բժիշկ դառնալու մասին երազել է մանկուց: «Միշտ պատկերացնում էի, թե ինչպես եմ հագնում բժշկական խալաթ և շտապում մարդկանց օգնելու: Մարդկային կյանքեր փրկելու և նրանց ժպիտ պարգևելու մեծ ձգտումը եղել է հիմնաքարային՝ այս մասնագիտության ընտրության հարցում»,-նշում է ուսանողը՝ ավելացնելով, որ չնայած ծնողները բժիշկներ են՝ մասնագիտության ընտրությունը եղել է իր որոշումը:
Քրիստինեի խոսքով՝ լավ սովորելու հիմքում առաջին հերթին ընկած է մեծ սերն ու հարգանքը սեփական մասնգիտության հանդեպ: «Շատ կարևոր են նաև ներքին պատասախանատվութան զգացումը, կազմակերպվածությունը, նպատակասլացությունը, նվիրվածությունն ու աշխատասիրությունը»,-ասում է նա՝ ընդգծելով՝ բնավորության մեջ այսպիսի հատկանիշներ ունեցող մարդն անկասկած կփայլի իր հաջողություններով:
Անվանական կրթաթոշակառուն հետևելով սրտի թելադրանքին՝ մեծ նվիրվածությամբ և բազում ակնկալիքներով ցանկանում է մուտք գործել ուռուցքաբանության ոլորտ: «Քաջ գիտակցում եմ իմ առջև դրված առաջադրանքներն ու պահանջները`լինել բարձրակարգ մասնագետ, զինվել հաստատուն գիտելիքներով և հիվանդին օգնելու մեծ պատրաստակամությամբ»,- ասում է նա՝ հավելով, որ ուռուցքաբանությունն ընտրելու համար կան մի քանի պատճառներ. նախ՝ այն բժշկության մեջ ամենահետաքրքիր և ամենաարագ զարգացող ճյուղերից է, տարեցտարի նոր հայտնագործություններ և բացահայտումներ են կատարվում այս ոլորտում: Բացի այդ՝ լինելով օնկոլոգիական բաժանմունքում, ինքը հասկացել է, որ հենց սա է այն բնագավառը, որտեղ առավելագույն չափով կդրսևորի իր հնարավորություններն ու կկենտրոնացնի ուժերը: «Յուրաքանչյուր ուռուցքաբանի ամենամեծ պարգևը քաղցկեղով հիվանդի ժպիտն ու երախտիքն է»,- կարծում է ապագա ուռուցքաբանը՝ համոզմունք հայտնելով, որ ինքնագոհունակության աննկարագրելի զգացում և մարդասիրական քայլ է հիվանդի հետ պայքարել և փորձել հաղթել լուրջ հիվանդությանը:
Քրիստինե Ավետիսյանի խոսքով՝ բուհում սովորելու տարիներին, թերևս, ամենամեծ դժվարությունը նախաքննական սթրեսի հաղթահարումն է եղել: «Սովորելու առաջին տարիներին երբեմն դժվար էր լինում հաղթահարել անինքնավստահությունն ու կասկածը սեփական ուժերի հանդեպ: Բայց ժամանակի ընթացքում, երբ զինվում ես գիտելիքներով, սկսում ես հավատալ, որ ամեն ինչ կստացվի»,-վստահեցնում է նա:
Չնայած բժիշկ դառնալն ուսանողի համար միշտ միանաշանակ է եղել, կարծում է՝ եթե չընտրեր բժիշկությունը, կդառնար հնէաբան:
ԵՊԲՀ-ում առանձնացնելով ամենասիրելի վայրը՝ նշում է. «Շատ հարազատ վայրեր կան ինձ համար: Երբեմն քայլում եմ համալսարանի տարածքով ու խորասուզվում հիշողություններիս մեջ, միևնույն ժամանակ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպես այսքան արագ անցան տարիները: Համալսարանում իմ ամենասիրելի վայրերից կառանձնացնեմ 7-րդ լսարանը: Այնտեղ ունեցել ենք բազում արդյունավետ և հետաքրքիր դասախոսություններ՝ մեր բարձակարգ դասախոսների շնորհիվ: Ամեն անգամ դասախոսություններից առաջ իմ հարազատ ընկեր Ասատուր Չաքմանյանը նվագում էր և միաժամանակ երգում այդ լսարանում՝ այլ մթնոլորտ հաղորդելով լսարանին: Մենք բոլորս հիանում էինք նրա կատարմամբ և թարմ ուժերով սկսում դասախոսությունը: Այդ դաշնամուրը մեր հետագա ամուր ընկերության սկիզբն ու խորհրդանիշն է»:
Անդրադառնալով ամենասիրելի տեսական, կլինիկական առարկային և սիրելի ու խստապահանջ դասխոսին՝ ասում է, որ ունեցել է բազմաթիվ հրաշալի դասախոսներ: «Նրանց տված գիտելիքները, փորձը, մոտեցումներն ու թանկագին խորհուրդներն անգնահատելի դեր ունեն իմ կյանքում: Դժվար է առանաձնահատուկ նշել որևէ դասախոսի, բայց ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Դավիթ Մհերի Ղազարյանն իմ ամենասիրելի դասախոսներից է: Նա իր յուրահատուկ էներգետիկայով բոլորիս ներշնչում էր ոգևորվածությամբ, մոտիվացնում ամենատարբեր եղանականերով, յուրահատուկ հետաքրքրությամբ էր անցկացնում դասը և մեր մեջ ձևավորում բժշկական մտածողություն: Ախտաֆիզիոլոգիայի նման կարևոր առարկան Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ հաստատուն հիմքերի վրա է: Իսկ Դավիթ Գևորգի Զոհրաբյանը եղել է իմ ուռուցքաբանության դասախոսը, ով մեծ դեր ունի իմ ապագա մասնագիտացման ընտրության մեջ: Նա բժշկությանն անմնացորդ նվիրված, իր մասնագիտության մեջ գիտակ և պարզապես հրաշալի մարդ է: Մշտապես կարելի է զարմանալ իր անկոտրում կամքով, գերուշադրությամբ, սրտացավությամբ և պայքարող տեսակով: Նրա միջոցով ես ծանոթացել եմ բժիշկ-հիվանդ փոխհարաբերության նուրբ արվեստին, որն ամենակարևորներից է՝ հատկապես այս մասնագիտության մեջ: Հիվանդներին այդպես ոգևորել ու հոգեբանական աջակցություն ցույց տալ կարող է միայն իր գործին անսահման նվիրված բժիշկը»,-անկեղծանում է ուսանողը՝ ավելացնելով, որ բժշկական համալսարանն իրեն տվել է հաստատուն գիտելիքներ, բժշկական մտածողություն, նոր նպատակներ, ինքնարտահայտվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն, պրակտիկ հմտություններ, միջազգային կապեր ստեղծելու փորձ, հասունություն, կոփվածություն: «Բժշկությունը պարզապես մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է: Իմ սիրելի համալսարանին անչափ շնորհակալ եմ ընկերներ, սիրելի դասախոսներ ձեռք բերելու համար: Նրանք բոլորը դարձել են իմ կյանքի անբաժան մասը»,-եզրափակում է Վահան Արծրունու անվան կրթաթոշակառուն:
Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը