Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

10 հայ գիտնական կանայք՝ բժշկագիտության բնագավառից (մաս 1)

10 հայ գիտնական կանայք՝ բժշկագիտության բնագավառից (մաս 1)

Սիրելի՛ հերացիականներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել բժշկագիտության վերաբերյալ հետաքրքիր դեպքեր ու փաստեր, կարևոր անուններ:

Այս անգամ ընտրել ենք նախորդ դարում գրեթե միևնույն ժամանակահատվածում ապրած և գործունեություն ծավալած 10 հայ գիտնական կնոջ, որոնք ավանդ են ունեցել Հայաստանում բժշկագիտության տարբեր ճյուղերի ձևավորման զարգացման գործում:

Ընթերցեք, առաջարկեք և հիշեք այն անունները, որոնց ճանաչում եք դուք, ում աշակերտել եք, կամ ում մասին ուսուցանել եք մեր երկրի բժշկության պատմությունն ուսումնասիրելիս:

Թամարա Սարգսի Թադևոսյան, ֆարմակոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է 1922թ.: Երևանի բժշկական ինստիտուտի 1943 թվականի շրջանավարտ էր:

Գիտական գործունեությունը նվիրված է արգանդի հարթ մկանների շարժողական ֆունկցիան դրդող նոր դեղամիջոցների հայտնաբերման, և դրանց ազդեցության մեխանիզմների որոշ օրինաչափությունների ուսումնասիրություններին: Գիտական հետազոտությունների հիմքում ընկած են դեղաբույսերով արդի կարևոր գիտաճյուղի՝ կենսադեղաբանության բնագավառին վերաբերող ուսումնասիրությունները, որոնցից ստացված արդյունքները ունեն ոչ միայն կենսական, այլև կիրառական կարևոր նշանակություն:

Լաուրա Սարիբեկի Հովհաննիսյան, (1924 -2010) սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Երևանի բժշկական ինստիտուտը ավարտել է 1947 թվականին:
Սրտամկանի և փականների վնասվածքների կլինիկաֆունկցիոնալ և կլինիկամորֆոլոգիական հետազոտման հիման վրա զարգացրել է նոր ֆունկցիոնալ ուղղություն և առաջարկել բեռնվածության թեստերի նոր գնահատում` սրտի փականների վնասվածքների ժամանակ ներսրտային հեմոդինամիկայի փոփոխման հայտնաբերման նպատակով։

Եվգենյա Ադամի Մողնյան (1906-1995) մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1931 թ. ավարտել է բժշկական ինստիտուտը։

Գիտական գործունեությունը նվիրված է հղիների ուշ տոքսիկոզների, սիրտանոթային ախտաբանության ուսումնասիրությանը։ Նա առաջինն է, որը կիրառել է հիպոթերմիայի եղանակը՝ արգանդի ֆունկցիայի խանգարման հետ կապված արյունահոսությունների բուժման համար։

Աիդա Ստեփանի Ամատունի, նյարդաֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր:

Ծնվել է 1932թ.: 1956 թ. շրջանավարտ է: Գիտական գործունեությունը նվիրված է շարժողական ակտիվության կենտրոնական կարգավորման մեջ ուղեղիկի դերի ուսումնասիրությանը: Բջջային ակտիվության մակարդակով ուսումնասիրել է այն ուղեղային գոյացությունների գործունեությունը, որոնք կապված են անմիջապես ուղեղի հետ՝ նեյրոնային ակտիվության ինտեգրացման և կարգավորման սեփական մեխանիզմներով հանդերձ:

Վերգինե Գևորգի Միքայելյան (1903-1990) միկրոկենսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

1927 թ. ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը: Գիտական գործունեությունը նվիրված է մանկական ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների համաճարակաբանության հարցերին:

1938-1943թթ. ղեկավարել է բժշկական ինստիտուտը: Զգալի էր Վ. Միքայելյանի կազմակերպչական աշխատանքը բուժախտականխիչ ֆակուլտետի ռուսական բաժնի ստեղծման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ֆակուլտետի վերաբացման գործում: Նրա անանդը մեծ է նաև բազմաթիվ այլ կազմակերպչական և կարևոր գործերում:

Նիկողոսյան Գայանե Գերասիմի (1921-2010) հայ հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Մասնագիտական գործունեության երկար տարիներ նվիրել է երեխաների, դեռահասների առողջության պահպանման խնդիրներին, միջավայրի գործոնների նորմավորմանը: Պատահական չէ, որ հայկական առաջին տառատեսակի չափի և ձևի հիգիենիկ նորմավորման հեղինակման գործում ևս հաշվի է առնվել բժիշկ-գիտնականի մասնագիտական կարծիքը: Գիտական գործունեությունը նվիրված է եղել դպրոցականների առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, աշխատունակության, մանկական հաստատությունների նախագծման հարցերի ուսումնասիրմանը և հիգիենիկ նորմերի մշակման հարցերին:

Բազմաթիվ գիտական հրապարակումների, այդ թվում «Երեխաների ուսումնադաստիարակչական պրոցեսի կազմակերպումը» (1976) աշխատության, «Երեխաների և դեռահասների հիգիենա» (1967) դասագրքի հեղինակն է:

Սառա Աբրահամի Դավթյան (1908-1991), հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, գիտության վաստակավոր գործիչ:

1937 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Գիտական գործունեությունը նվիրված է շիզոֆրենիայի ուսումնասիրությանը:

Գևորգյան Էլմիրա Մուշեղի, նյարդաախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է Երևանում 1932 թ.: 1955 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Ուսումնասիրել և առանձնացրել է շրջանցիկ ցիստեռնայի ուռուցքների կլինիկական համախտանիշը, որը հնարավոր է դարձնում այդ տեղակայման ուռուցքների ախտորոշումը կենդանության օրոք: Հետազոտել է գլխուղեղի ճակատային մասերի անոթային և ուռուցքային ծագման օջախային պրոցեսների ախտորոշման կատարելագործման հարցերը, գլխուղեղի խորը կառուցվածքների վիճակն ու դերը նոպայական վիճակների պաթոգենեզում, առաջարկել է պարբերական հիվանդության պաթոգենեզի սխեման, նկարագրել է այդ հիվանդության ժամանակ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումը:

Վարվառա Ալեքսանդրի Ավետիսյան (1913- 1994), համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1939թ. ավարտել է ինստիտուտը` գիտական գործունեությունը նվիրված է ինֆեկցիոն հեպատիտի, կատաղության, գրիպի և գրիպանման հիվանդությունների, ծաղկի պատվաստման իմունիտետի հարցերի ուսումնասիրությանը:

Արզումանյան Գալինա Անդրեյի (1925- 1997) , կլինիկական ցիստոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր:

1946 թվականին ավարտել է մայրաքաղաքի բժշկական ինստիտուտը: Գիտական գործունեությունը նվիրված է տարբեր տեղայնացման նախաքաղցկեղային վիճակների, քաղցկեղի ցիտոլոգիական ախտորոշման ուսումնասիրությանը: