Ռեկտորատի այսօր հրավիրված նիստում առանցքային էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 100-ամյակի նվիրված հոբելյանական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների ամփոփումը:
Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն վարիչ, ռեկտորի խորհրդական, ԵՊԲՀ 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գևորգ Թամամյանը ներկայացրեց հաշվետվություն՝ բժշկական բուհի հոբելյանի առթիվ կատարված աշխատանքների վերաբերյալ:
ԵՊԲՀ-ն՝ մեր երկրում բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհը, 2020 թվականին դարձավ 100 տարեկան։ Մեկ դարը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր՝ այդ թվում կրթական կառույցի համար։ Համալսարանականների, բժշկական հանրության, հին ու նոր շրջանավարտների մասնակցությամբ սպասվում էին հոբելյանական տարատեսակ միջոցառումներ՝ գիտական համագումար, սիմպոզիումներ և համաժողովներ, որոնց մեկնարկի մասին ազդարարվել էր դեռևս երկու տարի առաջ, չեղարկվեցին համավարակի և պատերազմի պատճառով:
Գևորգ Թամամյանը տեղեկացրեց, որ ժամանակավորապես հետաձգվել է «Հերացի 100» հիմնադրամի գործունեությունը։ Աշխատանքներ են տարվել շրջանավարտների միության և շրջանավարտների արխիվի ստեղծման ուղղությամբ։ Նշվեց, որ կատարված աշխատանքին զուգահեռ, ԵՊԲՀ սոցիալական էջերով շարունակաբար ներկայացվում են 100-ամյա պատմության լավագույն էջերը, որոնք ամփոփվել են հոբելյանին նվիրված ժողովածուի՝ արխիվային բացառիկ նյութերով հագեցած գիրք-ալբոմում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համալսարանը մշտապես կարևորում է ոչ միայն շրջանավարտների, այլև բժշկագիտության նվիրյալների, կայացած, հայրենասեր մարդկանց հետ համագործակցությունը՝ ի նպաստ կրթական հաստատության զարգացման։ Բոլոր առաջադեմ նախաձեռնությունների հիմքում պետք է լինեն մեկդարյա կրթական կառույցում ձևավորված լավագույն ավանդույթները։
Բուհի ղեկավարը ևս մեկ անգամ կարևորեց համալսարանական տարածքների, շինությունների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները։ Առաջիկայում նախատեսվում է մասնագետների ներգրավմամբ ուսումնական վարժանքների անցկացում։
Քննարկվող թեմայի շրջանակում Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Բագրատ Ալեքյանի՝ բուհին ուղղված նամակը, որտեղ անվանի բժիշկն առաջարկում էր հոբելյանի առթիվ բժշկագիտության զարգացմանը նվիրված միջոցառումներ կազմակերպել ռուսաստանաբնակ հայազգի բժիշկների մասնակցությամբ։
Անվանի բժշկի առաջարկների թվում էր բժշկական բնագավառի աշխատակիցների ռեեստրի ստեղծումը, հայ բժիշկ-գիտնականների՝ գիտական հեղինակավոր պարբերականներում հոդվածների տպագրության ընդլայնումը։
Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, ըստ ոլորտների՝ բժշկական բուհի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ։