Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք բժշկական կենսաբանության ամբիոն

100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք բժշկական կենսաբանության ամբիոն

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք Բժշկական կենսաբանության ամբիոնը: Այն նույնպես իր գործունեությունը սկսել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1923-ին՝ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Նրա ստեղծման գործում զգալի ավանդ են ներդրել և ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ, ամբիոնի հիմնադիր վարիչ, անվանի կենսաբան Ավետիք Տեր-Պողոսյանը /1923-1930, 1935-1948թթ./, Սիմոն Յուզբաշյանը /1930-1935թթ./, հայտնի պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանը (1949-1969թթ.), Հարություն Կարապետյանը (1969-1989թթ.), Սոս Սիսակյանը (1989-2007թթ.), Հռիփսիմե Մաթևոսյանը (2007-2009թթ., 2012թ.-ից մինչ օրս):

Ամբիոնի կազմավորման և բժշկական կադրերի պատրաստման գործում զգալի ավանդ են ներդրել հմուտ մանկավարժներ, դոցենտներ Տիգրանուհի Գասպարյանը, Էլբիս Կարասեֆերյանը, Մարտին Համբարձումյանը, Զուլֆի Իսահակյանը, Դոնարա Մանուչարյանը:

1970-ից ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Կարապետյանի նախաձեռնությամբ ամբիոնը համալրվել է գիտամանկավարժական նոր կադրերով՝ Սոս Սիսակյան, Ազատ Ենգիբարյան, Հռիփսիմե Մաթևոսյան, Նիկոլայ Կրասնիկով, Ալլա Թուսուզյան:

 Հարկ է նշել, որ ամբիոնում առաջին հայալեզու՝ «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» ուսումնական ձեռնարկը հեղինակել են պրոֆեսոր Շ. Մաթևոսյանը և դոցենտ Տ. Գասպարյանը՝ 1959-ին, որով ամբիոնում սկիզբ է  դրվել մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծմանը:

Ամբիոնի կազմավորման սկզբնական շրջանում գիտահետազոտական աշխատանքներն ընթացել են Հայաստանում արյունածուծ տզերի տեսակային կազմի և տարածվածության ուսումնասիրության, բժշկական պրոտոզոոլոգիայի կարևորագույն խնդիրների բացահայտման ուղղությամբ:

 Հետագայում՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ. Կարապետյանի կողմից մշակվում  է լյամբլիաների կուլտիվացման մեթոդը, իսկ Ա. Ենգիբարյանի կողմից  առաջին անգամ հանրապետությունում առաջին անգամ ներդրվում և ամբիոնին կից լաբորատորիայում կիրառվում է ավտոռադիոգրաֆիայի մեթոդը: Նույն  լաբորատորիայի բազայի վրա Ա. Ենգիբարյանի և Ռ. Բաբլոյանի կողմից հիմնադրվում է իզոտոպային լաբորատորիա: Ամբիոնի գիտական  ներդրում կարելի է համարել 1980 թվականին Ս.Սիսակյանի կողմից մշակված՝ մազանոթների հայտնաբերման թթուֆոտվազատա մեթոդը: Այնուհետև պրոֆեսորներ Ս. Սիսակյանի, Ա. Ենգիբարյանի և Հ. Մաթևոսյանի ջանքերով ամբիոնում սկիզբ  դրվեց գիտական բոլորովին նոր ուղղության՝ սրտամկանի ոչ կորոնարոգեն ախտահարման և դրա կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրության: Այդ թեմայի իրականացման շրջանակներում պաշտպանվեցին  թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ:

Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հռիփսիմե Շավարշի Մաթևոսյանը, ով լավագույնս է շարունակում անբիոնի երախտավոր հոր՝ Շավարշ Մաթևոսյանի ավանդույթները: