ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ավարտին մոտեցավ մարտի 12-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` ուղիղ 100 օր իրականացվող նախաձեռնությունը:
Համալսարանական առաջատար բժիշկների կողմից` անվճար խորհրդատվություններ տրամադրելու այս ծրագիրը խորագրին համահունչ մեկդարյա բուհի կողմից յուրօրինակ ծառայություն էր ժողովրդին և ուղղված էր բնակչության առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը:
Հունիսի 18-ը` նեղ մասնագետների կողմից ոչ աշխատանքային օրվա ընթացքում խորհրդատվություն ստանալու վերջին օրն էր, «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների ավարտական ընդունելությունը:
Ծրագրի մեկնարկից առ այսօր երեք համալիրներում իրականացվել է 2280 խորհրդատվություն, տրվել է 380 վիրահատության ցուցում, կատարվել՝ 227 վիրահատություն, այդ թվում 9 գինեկոլոգիական` ցուցվածների 60%:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իրականացվել է 1260 խորհրդատվություն՝ բոլոր խորհրդատվությունների 55%, տրվել է 210 վիրահատության ցուցում կամ ամբողջի 55%, կատարվել է 102 վիրահատություն՝ ամբողջի 47%:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում իրականացվել է 602 խորհրդատվություն՝ բոլոր խորհրդատվությունների 26%, տրվել է 170 վիրահատության ցուցում կամ ամբողջի 45%, կատարվել է 116 վիրահատություն՝ ամբողջի 53%:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է 418 խորհրդատվություն՝ բոլոր խորհրդատվությունների 18%-ը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից յուրաքանչյուր շաբաթ օր համալսարանական երեք բժշկական համալիրներում, առավոտյան ժամը 11։00-ից, երկար տարիների փորձ ունեցող բժիշկները, պրոֆեսորները ընդունում էին նախապես հերթագրված քաղաքացիներին՝ տրամադրելով անվճար խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև որոշակի հետազոտություններ:
Հերացիականները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև համապատասխան ցուցման դեպքում 50 տոկոս զեղչով իրականացնում էին վիրահատական բուժումներ:
Համալսարանական երեք հիվանդանոցում բժշկական մեծ թիմը մշտապես պատրաստակամ է լինել ժողովրդի, հանրության թիկունքին բոլոր օրերին՝ վերականգնելով պացիենտների առողջությունը, լավացնել նրանց կյանքի որակը:
Բժշկական մայր բուհը շարունակելու է իրականացնել բժշկող մեկդարյա առաքելությունը` լինելով ժողովրդի կողքին և թիկունքին: