Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

11 ապագա բժիշկ կզարգացնի վիրաբուժական հմտությունները «Լանցետ» ծրագրի շնորհիվ

Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագիրն ամփոփեց նախընտրական փուլի արդյունքները:

Միջազգային հեղինակավոր ծրագրին մասնակցելու հնարավորություն ստացավ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողների առաջին խումբը: 11 ապագա բժիշկ (Արման Մելիքսեթյան, Դիանա Դումանյան, Թամարա Ներսիսյան, Լյուդմիլա Ավետիսյան, Հարություն Հարությունյան, Սեդա Մկրտչյան, Զարուհի Արզումանյան, Աննա Սարգսյան, Սամվել Ստեփանյան, Լիլիթ Բաղդասարյան և Զարինե Մարգարյան) կմասնակցի ծրագրի տեսական դասընթացին, որից հետո նրանցից լավագույնները հնարավորություն կստանան՝ ուսումնական նպատակով կատարելու վիրահատական միջամտություններ:

Դասերը կանցկացվեն շաբաթվա ընթացքում 4 օր: Առաջին դասը նախատեսվում է անցկացնել մարտի 12-ին:

Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը կոչ արեց ուսանողներին հաստատել գործընկերային հարաբերություններ և նպաստել ծրագրի արդյունավետությանը:

Նշենք, որ «Լանցետ»-ը միջազգային ուսանողական միջավայր է, որը հնարավորություն է տալիս ապագա բժիշկներին զարգացնելու վիրաբուժական գործնական հմտությունները՝ անկախ տարիքից և փորձից: