Հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ավագ դասարանների, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 2000 աշակերտ ուսանող այցելել է ԵՊԲՀ թանգարան, ուր բժշկության պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը ներկայացված է:
2021 թվականի մարտին բացված թանգարանը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դպրոցականների, այնպես էլ բժշկագիտությամբ հետաքրքրվողների շրջանում:
«Ունեցանք այցելուներ Հայաստանի գրեթե բոլոր, անգամ ամենահեռավոր մարզերից»,- ասում է թանգարանի վարիչ Նարինե Ղազարյանը` հավելելով, որ մեծ պատրաստակամությամբ ու սիրով են իրենք` ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանի հետ պատասխանում դպրոցականների, այցելուների հարցերին, կազմակերպում շրջայցեր:
Նախորդ տարի ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված թանգարանը ներկայանում է այցելուներին լիովին վերանորոգվելուց և արդիականացվելուց հետո:
Չորս ցուցասրահներում ցանկացողները կարող են ծանոթանալ բժշկագիտության պատմությանը՝ ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանը և զարգացմանը, բուհի հաջողություններին:
Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ,բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ:
Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:
Թանգարանագետ Նարինե Ղազարյանի խոսքով` համալրման աշխատանքները ևս շարունակական են: Նա նկատում է, որ այցելուների թվում են նաև բժիշկներ, որոնց հետաքրքիր է հարազատ կրթօջախի պատմությունը, բժիշկ-գիտնականների կենսագրությունը:
Նշենք, ստեղծվելով մոտ երեք տասնամյակ առաջ՝ հանրապետության բուհական թանգարանների շարքում Հայաստանի բժշկության պատմության թանգարանը միշտ արժանի տեղ է զբաղեցրել:
Թանգարան այցելելու համար պետք է նախապես գրացվել՝ զանգահարելով 010 301 489 հեռախոսահամարով: