Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

2022 թվականին իրականացված աշխատանքները ներկայացվեցին Հոգաբարձուների խորհրդի նիստում

2022 թվականին իրականացված աշխատանքները ներկայացվեցին Հոգաբարձուների խորհրդի նիստում

Անցնող տարին հագեցած էր աշխատանքով և իրականացված բազմաթիվ ծրագրերով` ուսումնական, կլինիկական, գիտական և միջազգային ուղղություններով։

2022թ. գլխավոր ձեռքբերումներից մեկը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 28-ին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստում համարեց Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շինության ձեռքբերումը, որն արդեն կիրառվում է որպես համալսարանական տարածք` միջազգային մասնաշենք։

«Ծանր և դժվար տարի էր, բայց բարեփոխումների, ամենօրյա աշխատանքի, ջանքերի շնորհիվ այն արդյունավետ էր»,- նիստի մեկնարկին ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը։

Զեկույցը մեկնարկեց ուսանողների մասին տեղեկատվությամբ։Բժշկական բուհում այսօր կրթություն է ստանում 5481 ուսանող, որից 1581-ը օտարերկրացի է։ Ամփոփիչ ատեստավորումը հաջողել է ուսանողների 88 տոկոսը։

«Այս տարի բժշկական կրթություն ստանալու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիների ընդունելության թիվն աննախադեպ է. 580»,- նշեց ռեկտորը։

Առհասարակ օտարերկրացիներին վերաբերող հարցերը բուհի ընթացիկ աշխատանքների և համալսարանական կամպուսի ստեղծման գաղափարախոսության կենտրոնում են։ 

Դրա վառ ապացույցը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի տարածքում ձևավորված ուսանողական հանրակացարանային տարածքն է, որն արդեն դեկտեմբերի 1-ից ընդունել է շրիլանկացի ապագա բժիշկներին։

Հանրակացարանային ֆոնդի ընդլայնումը ռեկտորի գնահատմամբ` օրակարգային հարց էր, որի լուծման ուղղությամբ բուհը ծախսարդյունավետ որոշում է կայացրել:

Ռեկտորը անդրադարձ կատարեց համալսարանի դասախոսների կողմից հրատարակված ուսումնական գրականության ցանկին` ընդգծելով, որ կարևոր հարցերից է համալսարանի գրադարանային ֆոնդի բարելավումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին։

Խոսվեց արհեստական բանականության գործիքի ներդրման մասին բժշկական կրթության գործընթացում։

Կարևոր ձեռքբերումներից է 2023թ. միջազգային հավատարմագրման համար ԵՊԲՀ-ի դիմումը Բժշկական կրթության համաշխարհայի ֆեդերացիային (WFME):

Անդարադարձ կատարվեց ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշներին, ներկայացվեց համեմատական նկարագիրը:

Իրականացվող լրացուցիչ կրթական ծրագրերը Կարիերայի կենտրոնի հետ նույնպես ծառայել են նպատակին: Դրանց թվում են մասնագիտական կողմնորոշման, բարեվարքության, այլ թեմատիկայի դասընթացները:

Գիտական գլխավոր ձեռքբերումը 1000 քմ գրասենյակային և լաբորատոր տարածք զբաղեցնող և այս տարվա մարտին բացված ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնն է: Արմեն Մուրադյանը խոսեց կենտրոնում իրականացվող դրամաշնորհների, Web of science շտեմարանի ազդեղության գործոն ունեցող հետազոտական հոդվածների մասին:

Բուհում անցնող տարում ստեղծված «Հերացի» վերլուծականը շարունակում է իրականացնել իրազեկման և հանրային կարծիք ձևավորելու աշխատանքներ` հանրությանը հետաքրրքող ամենատարբեր առողջապահական արդի հարցերի շուրջ:

ԵՊԲՀ-ն գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ նաև հանրապետության խոշորագույն պետական բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր է` 593 մահճակալ և 1406 աշխատակից ունեցող:

Պրոֆեսոր Մուրադյանը հանգամանալից անդրադարձավ «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների դիմելությանը, ձեռքբերումներին, նյութատեխնիկական հագեցվածությանը:

Նշվեց, որ վճարովի ծառայությունները համալսարանական բուժհաստատություններում աճել են հանրագումարում 20 տոկոսով:

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրով այլ, ոչ տոնակատարություններով նշեց մեկդարյա հոբելյանը:

Շինարարական աշխատանքները նույնպես 2022 թվականին լայն թափով են իրականացվել: Կատարված բարեփոխումներն էլ տեսանելի են ուսանողների համար, դրանցից մեկը լաբորատոր մասնաշենքի` դեպի համալսարանի բակ առանձին մուտքի ստեղծումն է:

«Վերադարձ» ծրագրով բժշկական համալսարանում շարունակվում են բացվել անվանի բժիշկ-գիտնականների անուններով լսարաններ, դրանցից մեկը 6-րդ լսարանն է , որը կրում է պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անունը:

ԵՊԲՀ 2022թ. ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:

Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: ԵՊԲՀ ռեկտորը պատասխանեց Հոգաբարձուների խորհրդի անդամներին հետաքրքրող և հետագա գործունեությանն ուղղված հարցերին:Ամփոփելով, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրրդի նախագահ Միքայել Ադամյանն ընդգծեց, որ բուհի համար պատմական ժամանակաշրջան է` պայմանավորված այն հսկայածավալ աշխատանքով և բարեփոխումներով, որոնք իրականացվում են գործընկերների հետ համատեղ: