Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով միայն 2021թ. աշխարհում 10.6 միլիոն մարդ հիվանդացել է տուբերկուլյոզով, որից 1.6 միլիոնը մահացել են:
2023 թվականն ԱՀԿ-ի կողմից հայտարարվել է առանձնահատուկ տարի՝ ուշադրություն դարձնելու տուբերկուլյոզի վերացման և միլիոնավոր մարդկանց տառապանքներից ազատելու, և բոլորի համար համապարփակ և համընդհանուր խնամք ապահովելու նպատակով:
Այս տարվա սեպտեմբերին Միավորված Ազգերի Կազմակերպությունում կայանալիք տուբերկուլյոզի դեմ պայքարի բարձր մակարդակի հանդիպումը Գլխավոր ասամբլեայում կմիավորի պետությունների ղեկավարներին և հնարավորություն կտա մոբիլիզացնել քաղաքական և սոցիալական հանձնառությունը՝ այս հիվանդության դեմ պայքարի առաջընթացը խթանելու համար:
«Մեր հավաքական պարտականությունն է դիմակայել անհավասարությանը և վերջ դնել կանխարգելելի և բուժելի այս հիվանդությանը»,- նշված է ԱՀԿ ղեկավարության ուղերձում:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 24-ին, այս տարի «Այո մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլյոզին» խորագիրն ունի, որի նպատակն է հույս ներշնչել մարդկանց և խրախուսել բարձր մակարդակի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ներդրումների ավելացումը, միջազգային կազմակերպությունների նոր առաջարկությունների և նորարարությունների ավելի արագ ընդունումը, արագացված գործողությունները և բազմաոլորտային համագործակցությունը տուբերկուլյոզի համաճարակի դեմ պայքարում:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը մարտի 24-ին նշելը պայմանավորված է նրանով, որ 1882 թվականին հենց այդ օրն է առաջին անգամ հայտնաբերվել տուբերկուլյոզի հարուցիչ բակտերիան:
Օրվա շրջանակում ուշադրության կենտրոնում լինելու է կոչը բոլոր երկրներին՝ խթանելու հիվանդության դեմ պայքարի առաջընթացը, մասնավորապես կոչ անելով արագացնել առաջարկված դեղամիջոցների, կայուն տուբերկուլյոզի բուժման ավելի կարճ, համալիր բուժման սխեմաների ներդրման գործընթացը:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է նաև բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը:
Սա հատկապես կարևոր է COVID-19 համաճարակի, շարունակվող հակամարտությունների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամերի համատեքստում, որոնք վտանգի են ենթարկել տուբերկուլյոզի դեմ պայքարի շնորհիվ վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև ապահովելու կանխարգելման և խնամքի հասանելիությունը՝ ԱՀԿ-ի՝ առողջապահության համընդհանուր ծածկույթին հասնելու մղմանը համահունչ:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` 2000թ.-ից ի վեր 74 միլիոն մարդու կյանք է փրկվել տուբերկուլյոզի դեմ տարվող պայքարի ջանքերի շնորհիվ:
Թեև վերջին տասնամյակների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ՝ հիվանդության նվազման հետ կապված, Հայաստանում դեռևս շարունակում են տուբերկուլյոզի դեպքեր գրանցվել:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2022թ.-ին մեր երկրում արձանագրվել է շնչառական օրգանների տուբերկուլյոզի 270 դեպք և արտաթոքային տուբերկուլյոզի 74 դեպք, ընդհանուր 344 դեպք, որից 17-ը կազմել են մինչև 18 տարեկան երեխաները:
Հարկ է նշել, որ 2017, 2018 և 2019թթ. գրանցված դեպքերի (724, 641 և 454) համեմատ զգալի նվազում է դիտվում 2020 և 2021թթ.-ին՝ 302 և 272 դեպք:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են 2017թ.-ին՝ 724 դեպք, իսկ ամենաքիչը 2021 թ.-ին՝ 272 դեպք:
2022թ. շնչառական օրգանների տուբերկուլյոզի դեպքերի գրեթե 55%-ով նվազում է արձանագրվել՝ 2017թ. հետ համեմատ:
Հետազոտությունների և նորարարությունների մեջ ներդրումները, ինչպես նաև բնակչության հետ ճիշտ հաղորդակցումը, իրազեկման աշխատանքները և հիվանդության նկատմամբ խարանի նվազեցումը կենսական նշանակություն ունեն տուբերկուլյոզի՝ վերջնական թիրախներին հասնելու համար: