Աղիքային վարակներ․ փոխանցման ուղիները և կանխարգելման հիմնական միջոցները

Աղիքային վարակներ․ փոխանցման ուղիները և կանխարգելման հիմնական միջոցները

Աղիքային վարակները հիմնականում փոխանցվում են ֆեկալ-օրալ մեխանիզմով, երբ հարուցիչները բերանի միջոցով թափանցում են աղեստամոքսային համակարգ: Արտաքին միջավայրում այս հարուցիչների տարածման և առողջ մարդուն փոխանցվելու գործընթացում առանձնացվում են 10 հիմնական գործոններ։

  1. Չլվացված կամ կեղտոտ ձեռքեր. Սա ամենատարածված գործոնն է (կոչվում են նաև «կեղտոտ ձեռքերի հիվանդություններ»):
  2. Աղտոտված խմելու ջուր. Ջուրը հանդիսանում է զանգվածային բռնկումների հիմնական պատճառներից մեկը: Վարակումը տեղի է ունենում, երբ խմելու ջրի համակարգ են թափանցում կոյուղաջրեր, կամ երբ մարդիկ օգտվում են բաց, չվնասազերծված ջրամբարներից ու աղբյուրներից։
  3. Չլվացված մրգեր և բանջարեղեն. Հողի մեջ կամ ոռոգման ջրերում եղած ախտածին միկրոօրգանիզմները հեշտությամբ հայտնվում են բույսերի մակերեսին: Առանց հոսող ջրով լավ լվանալու դրանք ուտելը բերում է անմիջական վարակման։
  4. Անորակ կամ ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված միս և ձուկ. Կենդանական ծագման մթերքները (հատկապես հավի միսը, աղացած միսը) հաճախ պարունակում են սալմոնելաներ կամ էշերիխիաներ: Եթե միսը վատ է տապակվում կամ եփվում, հարուցիչները չեն ոչնչանում:
  5. Չպաստերիզացված կաթ և կաթնամթերք. Կաթը հիանալի միջավայր է բակտերիաների բազմացման համար: Հիվանդ կենդանուց ստացված կամ սխալ պահպանված հում կաթի, թթվասերի ու տնական պանրի օգտագործումը բարձրացնում է դիզենտերիայի, սալմոնելոզի, բրուցելոզի ռիսկը։
  6. Ճանճեր և այլ միջատներ. Ճանճերը հանդիսանում են վարակի մեխանիկական փոխանցողներ։ Նրանք նստում են աղբի, կղանքի վրա, իրենց թաթիկների միջոցով հավաքում հարուցիչները և հետո տեղափոխում սեղանին դրված բաց սննդամթերքի վրա։
  7. Խոհանոցային պարագաներ և կտրատման տախտակներ. Եթե հում մսի և պատրաստի ուտեստների համար օգտագործվում է նույն տախտակն ու դանակը առանց լվանալու, տեղի է ունենում խաչաձև աղտոտում։
  8. Կենցաղային իրեր և դռան բռնակներ. Հասարակական վայրերի դռան բռնակները, դրամը, հեռախոսները, ինչպես նաև տանը հիվանդի օգտագործած սրբիչներն ու սպասքը կարող են իրենց մակերեսին երկար ժամանակ պահպանել հարուցիչներ։
  9. Լողավազաններ և բաց ջրամբարներ. Լողալու ընթացքում ջուրը պատահաբար կուլ տալը վարակման տարածված գործոն է: Եթե լողավազանի ջուրը պատշաճ չի ախտահանվում, այնտեղ կարող են բազմանալ կայուն բակտերիաներ, մակաբույծներ և վիրուսներ։
  10. Տնային և գյուղատնտեսական կենդանիներ. Կենդանիների հետ անմիջական շփումը, նրանց խնամելը կամ նրանց կղանքով աղտոտված միջավայրում գտնվելը (օրինակ՝ հավաբներ, գոմեր) առանց հետագա հիգիենայի, նույնպես հանդիսանում է փոխանցման ուղղակի գործոն:

Աղիքային վարակների կանխարգելումը հիմնված է «մաքրություն, առանձնացում, ջերմային մշակում և անվտանգ պահպանում» ոսկե կանոնների վրա: Ահա հիմնական և գործնական քայլերը, որոնք կօգնեն առավելագույնս նվազեցնել վարակման ռիսկը.

  1. Անձնական հիգիենա, սա ամենակարևոր քայլն է: Ձեռքերի հիգիենան առանցքային կանխարգելիչ միջոցառում է:
  2. Սննդամթերքի անվտանգ մշակում: Բոլոր մրգերն ու բանջարեղենը (նույնիսկ կեղևով ուտվողները, ինչպես ձմերուկը կամ բանանը) լվացեք հոսող խմելու ջրով: Խոհանոցում պետք է տարանջատվեն կտրատախտակները և դանակներ հում մսի/ձկան և պատրաստի ուտեստների (հաց, բանջարեղեն) համար: Միսը, թռչնամիսը և ձուն պետք է եփել կամ տապակել բարձր ջերմաստիճանում: Խուսափեք հում (չպաստերիզացված) կաթ և դրանից պատրաստված տնական պանիր կամ թթվասեր օգտագործելուց՝ առանց ջերմային մշակման:
  3. Ջրի անվտանգություն. Եթե վստահ չեք կենտրոնացված ջրամատակարարման ջրի որակի վրա (հատկապես վթարներից կամ հորդառատ անձրևներից հետո), խմելուց առաջ այն անպայման եռացրեք: Ճամփորդությունների կամ բնության գրկում հանգստի ժամանակ օգտագործեք միայն գործարանային շշալցված ջուր: Լողավազաններում կամ բաց ջրամբարներում լողալիս աշխատեք ջուր կուլ չտալ:
  4. Սննդի ճիշտ պահպանում
  • Սառնարանային ռեժիմ. Պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում 2 ժամից ավել մի թողեք (շոգ եղանակին՝ 1 ժամից ավել): Անմիջապես տեղափոխեք սառնարան:
  • Ճանճերի պաշտպանություն. Սնունդը միշտ պահեք փակ տարաներում կամ ծածկեք ցանցով, որպեսզի միջատները չաղտոտեն այն:
  1. Պատվաստում. Ռոտավիրուսային պատվաստանյութը երեխաների շրջանում աղիքային ամենածանր վարակներից մեկի՝ ռոտավիրուսի դեմ արդյունավետ պաշտպանություն է, որն արվում է կաթիլների տեսքով կյանքի առաջին ամիսներին (ըստ ազգային օրացույցի):