Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտային։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ բուհի ղեկավարն ընդգծեց, որ կրթական ծրագրերից զատ, բժշկական համալսարանը նաև սոցիալական պատասխանատվության ծրագրեր է կյանքի կոչում:
«Մեր մոտեցումներն ընդհանուր հոսքի մեջ են, մասնավորապես՝ շատ մեծ տեղ ենք հատկացնում հանրային առողջապահության ծրագրերին։ Մեր նպատակն է աջակցել, որպեսզի 6 տարվա ուսումնառության ընթացքում, բժշկությունից զատ, ուսանողները հակված լինեն առողջություն ստեղծելուն և պահպանելուն։ Մենք մեծ ջանքերով փորձում ենք միջազգային կրթություն ապահովել։ Չկա աշխարհում առանձին առողջապահություն, կա համամարդկային առողջապահություն, բայց ընդհանուր մոտեցումները շատ տարբերվում են ոչ միայն ֆինանսական կարողությունների, այլև առհասարակ ընկալման առումով։ Այստեղ կրթությունն ունի հիմնարար տեղ։ Մենք շատ նախանձախնդիր ենք միջազգային և ակադեմիական կրթության տեսանկյունից ոչ միայն մեր, այլև այն երկրների հանդեպ, որոնք Հայաստանին են վստահում իրենց բժշկական կրթության հատվածը։ Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց՝ նույն գաղափարներով», – շեշտեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ հանդիպումը պարիտետային է համալսարանի համար, որտեղ աշխարհի 33 երկրից ավելի քան 2000 ուսանող է սովորում։
«Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում․ ԵՊԲՀ-ն միջազգային ճանաչում ստացած բուհ է, որն իրեն թույլ է տալիս խոսել նույն լեզվով աշխարհի բոլոր բժշկական բուհերի հետ», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։ Հանդիպումը որպես համագործակցության նոր մեկնարկ որակելով՝ նա պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու բժշկական համալսարանի հետ համատեղ նախաձեռնությունները, հատկապես՝ հետազոտությունների և տվյալների վերլուծության ոլորտներում, ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբով։
«Կազմակերպությունը նշանակալի ներդրում կարող է ունենալ բուհի կրթական ծրագրերում․ ԱՀԿ բոլոր 800 գերազանցության կենտրոնները ձեր տրամադրության տակ են», – նշեց Սիդարթա Դատտան:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին ուրվագծել փոխգործակցության հիմնական ուղղությունները, որոնց շուրջ կմեկնարկեն համատեղ աշխատանքները։