«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում 71-ամյա տղամարդը դիմել է ԵՊԲՀ ակնաբուժական կլինիկա, որտեղ ախտորոշվել է աջ աչքի հասուն բարդ կատարակտա, ձախ աչքի արտիֆակիա:
Տարիքային կատարակտան ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը չբուժելու դեպքում, կարող է հանգեցնել տեսողության կորստի։
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում հետազոտված պացիենտին նշանակվել է վիրաբուժական բուժում:
Վիրահատությունը կատարվել է Ակնաբուժական կլինիկայի ղեկավոր, ակնաբույժ Ահարոն Գաբրիելյանի կողմից: Հիվանդը գանգատներ չունի, վիճակը գնահատվում է բավարար, հետվիրահատական բարդություններ չեն արձանագրվել:
Ակնաբուժական կլինիկայի ակնաբույժ, բուժող բժիշկ Ինեսսա Մարտիրոսյանի խոսքով՝ աչքի հիվանդությունների բարդացած դեպքերը կարող են հանգեցնել այլ հիվանդությունների՝ առաջացնելով աչքի ճնշման բարձրացում, ներվիրահատական և հետվիրահատական բարդություններ, ինչպես նաև պատճառ դառնալ տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստի:
Կարող ենք փաստել, որ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրն իրագործում է իր առջև դրված խնդիրները՝ քաղաքացիներին հնարավորություն տալով ավելի վաղ ախտորոշել և բուժել հիվանդությունը:
Ծրագրի շրջանակում վիրահատությունը կատարվել է 50 տոկոս զեղչով: