Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ակնկալվում է քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությունը բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնությանը

Ակնկալվում է քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությունը բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնությանը

Համալսարանական բժշկական հաստատությունները՝ լավագույն բժիշկների ներգրավվածությամբ, շարունակում են «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի իրականացումը քաղաքացիների համար հատուկ մշակված և հասանելի գործելաոճով:

«Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցների կլինիկաների ղեկավարների գլխավորությամբ՝ համալսարանական մասնագետներն ամեն շաբաթ օր ընդունում են պացիենտների, տրամադրում անվճար խորհրդատվություն, ախտորոշում ու բուժում հանրության շրջանում ամենատարածված հիվանդությունները:

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի կողմից ծրագրի շրջանակում իրականացվել է՝ 45-ամյա կնոջ ձախ դաստակի 3-րդ մատի տարածիչ ջլի հնացած վնասվածքի և 21-ամյա երիտասարդի քթի միջնապատի դեֆորմացիայի վիրահատություններ: Հիվանդները գանգատներ չունեն, նրանց վիճակը գնահատվում է բավարար, հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:

Կարևորելով հիվանդությունների վաղ ախտորոշումն ու դրանց հետևանքով առաջացած այլ հիվանդությունների կանխարգելումը՝ կլինիկայի ղեկավար, պլաստիկ միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն ամեն շաբաթ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մասնակցություն է ունենում քաղաքացիներին՝ նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն տրամադրելու գործընթացին:

Բժիշկը, դրական գնահատելով հանրօգուտ նախաձեռնությունը, ակնկալում է քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությունը ԵՊԲՀ կողմից իրականացվող բնակչության առողջության վերականգնմանն ուղղված նախաձեռնությանը:

Ծրագրի մասնակիցները խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում համալսարանական կլինիկաներում ստանում են վիրաբուժական բուժում՝ ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը՝ 50% զեղչով:

Հիշեցնենք, որ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրն իր առջև դրված նպատակն իրականացնում է համալսարանական պրոֆեսորական, բժշկական թիմի գործուն մասնակցությամբ: 100 օր տևողությամբ նախաձեռնությունը կծառայի քաղաքացիներին մինչև հունիսի 18-ը: