Alma mater-ը տուն է, որը տալիս է գիտելիք և ուր ամբողջ կյանքում վերադառնալու եք. հանդիպում «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ

Alma mater-ը տուն է, որը տալիս է գիտելիք և ուր ամբողջ կյանքում վերադառնալու եք. հանդիպում «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ

«Ինչ է առողջությունը և ինչպես է այն ազդում կյանքի որակի վրա». այն թեման էր, որին նվիրված էր «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ կայացած հանդիպումը:

Միջոցառումը նախաձեռնած «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, դիմելով ներկա շուրջ 250 դպրոցականներին, ասաց.

«Շատ հուզիչ է մեզ համար ձեզ այստեղ ողջունելը, որովհետև մենք ավելի շատ սովոր ենք աշխատել ուսանողների հետ, և մեզ համար արտասովոր է հյուրընկալել ձեզ մեր դահլիճում: Դուք էկրանին տեսնում եք Alma mater հասկացությունը, ո՞վ է ծանոթ դրան»:

Ինտերակտիվ հարց ու պատասխանով մեկնարկելով հանդիպումը` նա հետաքրքրվեց նաև, թե ովքեր են ցանկանում ապագայում բժիշկ դառնալ:

«Շատ գեղեցիկ ձևակերպեցիք: Alma mater-ը տուն է, որը տալիս է գիտելիք, ուր ամբողջ կյանքում վերադառնալու եք, որը ձեզ սնուցում է գիտելիքով: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ էնտուզիազմը, որով եկել եք այս բուհ ու գալու եք ապագայում, կշարունակվի»,-շեշտեց պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը` Z սերնդի ներկայացուցիչներին ծանոթացնելով այն մասնագետներին, որոնք անցել են բժիշկ դառնալու ճանապարհը և ցանկություն ունեն հանդիպմանը պատմել իրենց անցած ուղու և փորձի մասին:

Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տրանսպլանտ վիրաբույժ և փոխպատվաստման թիմի կոորդինատոր Հայկ Հարությունյանը  նշեց, որ ներկաներին մեկ քայլ է պակասում բուհ ընդունվելու համար: Ինքն էլ, ինչպես հանդիպմանը ներկա շատ դպրոցականներ, մոտ 25 տարի առաջ ավարտելով դպրոցը,  ուներ երազանքներ, վախեր մասնագիտության ընտրության շուրջ:

«Վիրաբույժ դառնալու երազանքը եղել է մանկուց, բայց երբ ավելի մոտենում ես ավարտելուն, սկսում են տագնապներ, անհանգստություններ, որովհետև կողքից  մարդիկ միշտ ասում են.  բժիշկ դառնալը դժվար է, բժշկական ընդունվելը ծանոթով է, գումարով և այլն, որոնք հերյուրանքներ են և անիմաստ խոսակցություններ», – ասաց զեկուցողը, իսկ վիրաբույժ դառնալու ցանկությանն ի պատասխան հաճախ շրջապատում կարող են ասել, որ եթե ծնողներդ բժիշկներ չեն, ապա առավել դժվար է.

«Ուզում եմ, որ  հատկապես այն երեխաները, որոնք բժշկական ընտանիքներից չեն, իմանան, որ ոչինչ դժվար չէ, միայն պետք է ցանկություն և նպատակասլացություն»:

Բժիշկը խոսեց նաև 2000-ականների սկզբին դժվարին տարիների մասին, երբ ուսման վարձը վճարովի ընդունվելու դեպքում բավականին թանկ էր, և լինում էին դեպքեր, երբ այդ վճարը տալու համար ծնողները կարող էին իրենց գույքը կամ իրերը վաճառել, կրճատել ծախսերը:

Նա կոչ արեց բարձր դասարաններում սովորող և կարճ ժամանակ հետո կարևոր ընտրության շեմին կանգնած երիտասարդներին հիշել, որ ուսանողական տարիներն ամենաանհոգն են ու  հիշարժանը: Զեկույցը նա սկսեց ու ավարտեց ԵՊԲՀ գլխավոր` կենտրոնական մասնաշենքի լուսնակարով, որը լույս էր սփռում ու տարածում շուրջբոլորը:

Երկրորդ զեկուցողը մանկաբույժ Մարի Դարակչյանն էր, ով  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս է:

«Դարակչյան Մարին երրորդ կուրսից եղել է իմ ուսանողը, և այսօր, որպես կոլեգա շփվելով, հպարտությամբ եմ նրան փոխանցում խոսքը», – նկատեց Մերի Տեր-Ստեփանյանը:

«Չեմ պատրաստել պրեզենտացիա, որովհետև վստահ եմ, որ շատ ավելի կարևոր կլինի հասկանալ, թե ինչն է ձեզ ստիպելու դառնալ բժիշկ և արդյոք ներկա են այստեղ մարդիկ, ովքեր ցանկանում են մանկաբույժ դառնալ», – ասաց բժիշկ Դարակչյանը` համադրելով խոսքը կյանքից խոսուն օրինակներով ու պատմություններով:

Հիշեց` ինչպես մի անգամ իր որդին փոքր էր,  հիվանդ էր, բայց նա պետք է գնար հերթապահության` իր մասնագիտական պարտքը կատարելու ծննդատանը, որտեղ այդ ժամանակ աշխատում էր: Եվ, փաստացի թողնելով վատառողջ տղային տանը,  գնացել է օգնություն տրամադրելու այն փոքրիկներին, որոնք հիվանդանոցում ունեին իր կարիքը` որպես բժիշկ:

Այստեղ կարմիր գծով անցնում էր  անձնազոհության, բժշկի նվիրվածության, հաճախ անձնական ժամանակի բացակայության, հերթապահությունների, քնի, կոմֆորտի պակասի հագամանքները, որոնք հայտնի ճշմարտություն են ամենամարդասիրական այս մասնագիտության դեպքում:

«Մուրացան» համալիրի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար, դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը, հարց հղելով լսարանին, սկսեց իր ելույթը.

«Ով է իրականում բժիշկը: Բժիշկ ծնվում են, թե այնուամենայնիվ դառնում»: Դահլիճից հնչած պատասխանը միաձայն էր` դառնում են:

«Իհարկե, դառնում են, բացեմ փակագծերը. այո, բժիշկ չեն ծնվում, բժիշկ դառնում են երկար  ճանապարհով, անհանգիստ գիշերներով, կասկածներով ու պայքարով: Դառնում են այն պահին, երբ հոգնած ես, բայց չես հանձնվում, երբ վախենում ես, բայց միևնույն է, առաջ պետք է գնաս, դու պատասխանատու ես մարդու ապրելիության, դեմքի, խոսքի, ժպիտի, կյանքի որակի համար», – մանրամասնեց դիմածնոտային վիրաբույժը` ավելացնելով, որ ամեն վիրահատությունից հետո մտածում է` արդյոք պացիենտը կժպտա, թե ոչ:

Երիտասարդ, բայց արդեն բավականին մեծ փորձով բժիշկը շեշտեց, որ այս ուղին ընտրելիս երբեք չպետք է մոռանալ ուսուցիչներին: Առանձնահատուկ ակնածանքով ու շնորհակալությամբ խոսեց իր ուսուցչի` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Միքայելի Պողոսյանի մասին, որին միշտ դիմել է դժվար իրավիճակներում, որից հմտություններ է սովորում առ այսօր:

«Մեկ օրում չեն դառնում բժիշկ, բայց ամեն օր ավելի են մոտենում այս կոչմանը», – ընդգծեց բժիշկ Մկրտչյանը:

Հոգեկան առողջության մասին դպրոցականներին պատմեց ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը.

«Հոգական առողջություն. սահմանվում է որպես անձի հոգեբանական բարեկեցության վիճակ, որում նա կարողանում է իրականացնել իր անձնային ներուժը, հաղթահարել առօրյա սթրեսները, արդյունավետորեն աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ  հավասարապես զարգացնել իր ես-ի բոլոր կողմերը` ֆիզիկական, կոգնիտիվ, հուզական, վարքային», – ասաց հոգեկան առողջության մասնագետը` կրկին խոսքում բերելով հետաքրքիր օրինակներ իր բնագավառից, կարևորելով առողջության և կյանքի որակի փոխկապակցումը:

Նրա գնահատմամբ` կյանքի որակը  անհատի բարեկեցության աստիճանն է, որն ընդգրկում է ֆիզիկական առողջությունը, հոգեկան վիճակը, սոցիալական հարաբերությունները և նյութական ապահովվածությունը:

Մոտ երկու ժամ տևած հանդիպմանը համալսարանականները կոչ արեցին ապագա դիմորդներին չբավարարվել ստացած գիտելիքով, լինել պրպտող, կարևորել կրթությունն ու ինքնազարգացումը: