Մեկ տարի Իսպանիայում. Էրազմուս+ ծրագրով փորձառությունը Մալագայի համալսարանի բժշկության ֆակուլտետում

Մեկ տարի Իսպանիայում. Էրազմուս+ ծրագրով փորձառությունը Մալագայի համալսարանի բժշկության ֆակուլտետում

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գևորգ Ավանեսյանը Էրազմուս+ ծրագրով մեկ տարի ուսանել է Մալագայի համալսարանում:

«2025 թվականի մայիսի սկզբին համալսարանի էջում նկատեցի Մալագայի համալսարանում Էրազմուս+ ծրագրով ուսումնառելու մասին հայտարարություն։ Դա ինձ միանգամից հետաքրքրեց, քանի որ միշտ երազել էի սովորել եվրոպական բուհում, ծանոթանալ տեղի կրթական ու առողջապահական համակարգերին, և, որ ոչ պակաս կարևոր էր, ծանոթանալ եվրոպական մշակույթին, տեսնել՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ: Առանց վարանելու դիմեցի բուհի միջազգային համագործակցության բաժին։ Ամենամեծ մարտահրավերը, որը սկզբում անհնարին էր թվում, ուսումնական ծրագրերի համադրումն էր։ Սակայն բազմաթիվ փորձերի, նպատակասլացության ու որոշակի համառության շնորհիվ դեկանատի հետ համատեղ գտանք լուծումը, և իմ թեկնածությունն առաջադրվեց։ Սկզբում ընդունվեցի ընդամենը մեկ կիսամյակով (մոտ 5 ամիս տևողությամբ)։ Կողքից ամեն ինչ ռիսկային ու դժվար էր թվում. նոր երկիր, նոր լեզու, անծանոթ միջավայր ու ապրելակերպ, սակայն ես բոլոր խոչընդոտները հաղթահարելու հստակ նպատակ որդեգրեցի: Բոլոր տեխնիկական ու կազմակերպչական հարցերը լուծելուց հետո մեկնեցի Իսպանիա ու սկսվեց իմ կյանքի ամենավառ ու յուրօրինակ տարիներից մեկը։ Առաջին շրջանում, բնականաբար, առաջացան տեխնիկական խնդիրներ ու թյուրըմբռնումներ, բայց շփման ու ճկունության շնորհիվ բոլոր հարցերն աստիճանաբար իրենց լուծումները ստացան։ Մալագայի համալսարանում դասընթացները կազմակերպվում էին տեսական դասախոսությունների սկզբունքով, իսկ կիսամյակի ընթացքում և վերջում ավելանում էին գործնական սեմինարներն ու պրակտիկ բաղադրիչները»,-նշում է Գևորգ Ավանեսյանը։

ԵՊԲՀ ուսանողն ուսումնասիրել է մի շարք մասնագիտական առարկաներ, որոնցից, ըստ նրա, ամենամեծ բացահայտումը դարձել է հոգեբուժությունը։

«Մինչ այդ, այլ կերպ էի պատկերացնում ոլորտի հիմնախնդիրները, իսկ իսպաներենով ուսումնառությունն այդ ամբողջ գործընթացին հաղորդում էր յուրահատուկ հետաքրքրություն։ Այս ընթացքում ամենահետաքրքիրը մասնագիտական ու մշակութային լայն հորիզոնների բացահայտումն էր։ Դասերի ընթացքում շփվեցի իսպանացի և օտարերկրացի ուսանողների հետ, ստեղծեցի ամուր մասնագիտական ու ընկերական կապեր, որոնք, վստահ եմ, կպահպանվեն ամբողջ կյանքում։ Ձեռք բերեցի անբացատրելի մասնագիտական փորձ՝ մասնակցելով բարդ վիրահատությունների, միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև ծանոթացա Իսպանիայի հետբուհական կրթական համակարգին (MIR)։ Իմ ճանապարհորդությունն ու մասնակցությունը չսահմանափակվեց միայն համալսարանով։ Ծանոթացա Մալագայի հայկական համայնքի հետ և հնարավորություն ստացա հարակից քաղաքի հայկական եկեղեցում հայ երեխաներին ուսուցանել առաջին բուժօգնության հիմունքներ, ինչպես նաև ներգրավվել համայնքային միջոցառումներին։ Բացի այդ, մտերմացա Հայաստանի այլ բուհերից Էրազմուս + ծրագրով մեկնած ուսանողների հետ, ում հետ անմոռանալի օրեր ապրեցինք։ Առաջին կիսամյակի ընթացքում նաև ճանապարհորդեցի եվրոպական մի շարք երկրներով։ Այս ընթացքում կարողացա համատեղել ուսումս և աշխատանքս։ Արդեն մի քանի տարի է, ինչ վարում եմ «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության օլիմպիական խմբակը։ Համալսարանի թույլտվությամբ շարունակեցի դասավանդել օնլայն ձևաչափով։ Քանի որ աշակերտներիս դասերը չէի կարող բաց թողնել, երբեմն օնլայն դաս էի անցկացնում Փարիզի Լուվրի թանգարանից, Բրյուսելի հրապարակից, կամ Պրահայի ազգային թանգարանից… Սա ինձ սովորեցրեց, որ ամեն մարդ կարող է անել իր պատկերացրածից անհամեմատ ավելին, եթե ունի նպատակասլացություն։ Ճանապարհորդություններիցս մեկի ժամանակ՝ Վիեննայում գտնվելիս, համալսարանի միջազգային բաժնից ստացա ուրախալի լուր. հնարավորություն էր ստեղծվել ուսումնառությունս երկարացնել ևս մեկ կիսամյակ՝ հասցնելով այն 1 լրիվ ուսումնական տարվա։ Առանց վարանելու համաձայնեցի։ Հեռախոսազանգերի, դեկանատի ու միջազգային բաժնի աջակցությամբ արագորեն պատրաստեցի փաստաթղթերս, իսկ տեղի փաստաբանական ընկերություններից մեկի օգնությամբ կարգավորեցի վիզայի հարցերն ու ստացա Իսպանիայի ժամանակավոր կացության կարգավիճակ»,-պատմում է ապագա բժիշկը։

Ծրագիրը, Գևորգ Ավանեսյանի խոսքով, տվել է անփոխարինելի մասնագիտական ու կյանքի փորձ։ Նրա խոսքով, ձեռք բերած ժամանակակից գիտելիքն ու ապացուցողական բժշկության մոտեցումներն արդեն ներդնում է պրակտիկ աշխատանքում՝ թե՛ աշակերտների հետ դասավանդման ընթացքում, թե՛ հետագա բժշկական գործունեության մեջ։ Բացի այդ, ձեռք բերված մասնագիտական կապերն ու ընկերական հարաբերությունները լավ հիմք են ապագայում համատեղ նախագծեր ու հետազոտություններ իրականացնելու համար։ Գևորգ Ավանեսյանն ուրախ է, որ ԵՊԲՀ-ն ընձեռեց իրենց միջազգային բուհում կրթությունը շարունակելու, մեծ փորձառություն ձեռք բերելու հարցում:

«Այս մեկ տարին ինձ համար անփոխարինելի փորձառություն էր, որի ընթացքում առաջին հերթին ստացա որակյալ ուսում, ձեռք բերեցի հարազատ մարդկանց, անմոռանալի հիշողություններ ու անգնահատելի հմտություններ»,-ընդգծում է ԵԲՊՀ ուսանողը:

Փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս համալսարանականներին կատարելագործել գիտելիքներն ու ձեռք բերել մասնագիտական նոր կարողություններ, միջազգային փորձ: