Հայաստանի բժշկության պատմության թանգարանի հերթական այցելուները Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոսական կազմն էր` ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանի գլխավորությամբ:
Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանի ուղեկցությամբ այցելուները շրջեցին սրահներում` ըստ ժամանակաշրջանների ծանոթանալով բժշկագիտության պատմությանը:
Ամբիոնում ուսուցանվող «Բժշկության պատմություն» առարկան դասավանդվում է Ստոմատոլոգիական, Դեղագիտական և Ռազմաբժշկական ֆակուլտետների առաջին կուրսի 1-ին և ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի 2-րդ կիսամյակներում: Ուսումնասիրվող թեմաներն են նոր և նորագույն շրջանի, Հին Արևելքի, անտիկ շրջանի, Հին Հայաստանի, եվրոպական միջնադարի և վերածննդի բժշկությունը։
Ինչպես նախկինում, այնպես էլ թանգարանի վերաբացումից հետո դասաժամի ընթացքում ապագա բժիշկները պարբերաբար ԵՊԲՀ թանգարան այցելելու հնարավորություն կունենան` արդեն լիովին արդիականացված և նորացված պայմաններում:
Նշենք, որ բժշկական, կրթամշակութային այս կառույցը բացումից ի վեր հյուրընկալ դռներն է բացել ինչպես դպրոցականների, այնպես էլ կրթական տարբեր հաստատությունների ուսանողների առաջ:
Թանգարանի տարիքով ամենափոքր այցելուն 8 ամսական Վռամ Ջիհանյանն էր, որը մայրիկի՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի գրկում մասնակցեց շրջայցին:
Մուտքն ազատ է բժշկագիտության, 100-ամյա բժշկական բուհի պատմությամբ հետաքրքրվողների համար: