«Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները» խորագրով համաժողովի երկրորդ օրը բժշկական համալսարանում նույնպես հագեցած էր՝ նվիրված լինելով ներքին հիվանդությունների բժշկության մեջ համակցված և տարիքով պայմանավորված համախտանիշների և հիվանդությունների արդի խնդիրներին։
Համալսարանական տանիքի ներքո համախմբված Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների զեկույցները վերաբերում էին ինչպես սրտանոթային ռիսկերի կառավարմանը, այնպես էլ բարձր տարիքային խմբերում նյարդաբանական խնդիրներին և մանկաբուժության ու ծերաբուժության ոլորտներում գաստրոէնտերոլոգիային։
Թերապևտ, սրտաբան, ծերաբույժ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Թերապևտների եվրասիական ասոցիացիայի պատվավոր անդամ և տարածաշրջանային միության համակարգող, Ծերաբանության և ծերաբուժության հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ Լամարա Մանուկյանն իր զեկույցում ներկայացրեց ծերունական ասթենիան, սարկոպենիան, ընկնելու համախտանիշը։ Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, Հայկական օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանն անդրադարձավ տարեց մարդկանց մոտ օստեոպորոզի ախտանշաններին։ Թերապևտ, սրտաբան, պրոֆեսոր, Ռուսական բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, Գերմանիայում “Paulmik GmbH” ուսումնական կենտրոնի տնօրեն, Բժիշկների թվային ուսուցման միջազգային փորձագետների խորհրդի անդամ, Ռուսական գիտությունների ակադեմիայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տեղային էթիկայի կոմիտեի անդամ, «Որակյալ բժշկական տեխնոլոգիաներ» ասոցիացիայի նախագահ Եվգենի Ավերինը բարձրաձայնեց զարկերակային գերճնշման խնդիրը տարեցների մոտ, իսկ նյարդաբան, վերականգնողաբան, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական համալսարանի բժշկական վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, Սանկտ Պետերբուրգի «Մարիինսկու ամբուլատորիայի» գլխավոր բժիշկ, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի խորհրդական Դմիտրի Բուտկոն կարևորեց ցավի կառավարմանն ուղղված դեղորայքային բուժումը և բժշկական վերականգնողական թերապիան տարեցների մոտ։
Համաժողովի ընթացքում քննարկվեց նաև բժշկական տեղեկատվական համակարգերի դերը ժամանակակից բժշկության մեջ՝ “Post Modern Technology” ընկերության գործադիր տնօրեն Իգոր Իգնատուշչենկոյի զեկույցի միջոցով։
Համալսարանական մասնագետները՝ նյարդաբան, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանը, և հոգեբույժ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ, “Magnus” արտահիվանդանոցային հոգեբուժական-հոգեթերապևտիկ կենտրոնի տնօրեն Մարգարիտ Թադևոսյանը, ներկայացրին տարեցների մոտ գլխապտույտների, դեպրեսիայի, դեմենցիայի և դելիրիումի զարգացումը, ինչպես նաև ցրված սկլերոզի ժամանակակից բուժման մոտցումները։
Երկօրյա համաժողովն ամփոփվեց աղեստամոքսաբան, լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դոցենտ, ՀՀ Գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի նախագահության անդամ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնագետ Նարինե Փաշինյանի՝ «Լյարդի ալկոհոլային հիվանդություն. հետևանքների և բարդությունների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը» խորագրով զեկույցով, մանկաբույժ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբուժական թիվ 1 կլինիկայի մասնագետ, «Մուկովիսցիդոզով հիվանդների և նրանց հարազատների ասոցիացիա» ՀԿ, «Երեխաների շնչառական առողջության պահպանում» ՀԿ տնօրեն, Եվրոպայի մուկովիսցիդոզի միության հիվանդների ռեգիստրի և Եվրոպայի մուկովիսցիդոզի միության (European CF society) անդամ Սաթենիկ Հարությունյանի՝ մուկովիսցիդոզ հիվանդության վերաբերյալ զեկույցով և մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դասախոս, մանկական գաստրոէնտերոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» մանկական գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության աշխատակից Տաթևիկ Շահինյանի՝ «Helicobacter Pilori վարակը երեխաների մոտ» թեմայով քննարկմամբ։
Հիշեցնենք, որ համաժողովը նախաձեռնել էին ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնը և Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան: