Ամրապնդելով Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև կամուրջը. շնորհակալագրեր ԵՊԲՀ ռեկտորին և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանին

Ամրապնդելով Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև կամուրջը. շնորհակալագրեր ԵՊԲՀ ռեկտորին և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանին

Ստոմատոլոգների միջազգային օրվան` փետրվարի 9-ին նշվող մասնագիտական տոնին ընդառաջ, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Լազար Եսայանն արժանացել են շնորհակալագրերի Ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից:

«Շնորհակալագիրը շնորհվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին` ի նշան առողջապահության, կրթության զարգացման գործում նրա անգնահատելի ներդրման, որպես ԵՊԲՀ ռեկտոր` նրա արդյունավետ ղեկավարման և ուսանողներին ու բժիշկներին Կալիֆոռնիայի և Ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի հետ միավորելու ջանքերի», – նշվում է ռեկտորին ուղղված շնորհակալագրում: Փաստաթղթում տեղ է գտել նաև ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Մեհրան Դաուդյանի պաշտոնական հրավերը` հյուրընկալվելու Լոս Անջելեսում և համատեղ կազմակերպելու ստոմատոլոգիական համայնքի հաջորդ կոնգրեսը:

Նշենք, որ ամերիկյան կողմի հրավերը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից` ի դեմս Մոնիկա Ռոդրիգեսի, ենթադրում է Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի, ինչպես նաև ամերիկյան պետական կառույցների համագործակցությունն այս տարի կայանալիք մասնագիտական հանդիպման կազմակերպման և անցկացման գործում:

Դեկան Լազար Եսայանին ուղղված երախտիքի փաստաթղթում շեշտվում է. «Շնորհակալագիրը տրվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լազար Եսայանին` ի նշան նրա մեծ ներդրման Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունների և կրթության զարգացման գործում՝ որպես Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ և Երևանի պետական ​​բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան»: Նրա համագործակցությունն Ամերիկյան ստոմատոլոգիական և բժշկական ինստիտուտի և դրա գործադիր տնօրեն Մեհրան Դաուդյանի հետ, շնորհակալագրի համաձայն, ամրապնդել է Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև կամուրջը՝ ոգեշնչելով բազմաթիվ բժիշկների դառնալ ականավոր մասնագետներ և դասավանդողներ:

Հավելենք, որ ԵՊԲՀ ռեկտորը և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը վկայականների են արժանացել նաև Կալիֆոռնիայի բնաթերապևտիկ ասոցիացիայի կողմից: