Անվանական կրթաթոշակառու Լիանա Գասպարյան․ պատասխանատվությամբ դեպի բժշկագիտության բարձունքներ

Անվանական կրթաթոշակառու Լիանա Գասպարյան․ պատասխանատվությամբ դեպի բժշկագիտության բարձունքներ

Մեկդարյա բժշկական կրթական հաստատությունում անվանական կրթաթոշակի արժանանալը հեշտ չէ․ յուրաքանչյուր տարի լավագույնները մրցութային ընթացակարգով ընտրվելով՝ ստանում են մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականների անունները կրող կրթաթոշակներ՝ ուրվագծելով բժշկագիտության մեջ իրենց հետագա գործունեությունն ու անելիքը։

22-ամյա Լիանա Գասպարյանը Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2025-2026 ուսումնական տարվա Մխիթար Հերացու անվան երեք կրթաթոշակառուներից մեկն է և առաջինը` ըստ գնահատականների միջին թվաբանական միավորների։

Հայ մեծանուն գիտնականի, հայկական դասական բժշկության հիմնադրի անունը կրող կրթաթոշակն անխոս պատվաբեր է և միաժամանակ պարտավորեցնող 6-րդ կուրսի ուսանողի համար։

Լիանան տարրական դասարաններում սովորել է «Ուսում», իսկ 6-րդ դասարանից հետո՝ «Այբ» դպրոցում։ Համապատասխան քննական շեմը հաղթահարելով՝ կարող էր ուսանել նաև Ֆիզմաթ դպրոցում, սակայն ընտրությունը կանգնեց «Այբ»-ի վրա, որտեղից դեպի մեծ կյանք նրան բերեց ոչ միայն կենսաբանության ու հոգեբանության հանդեպ հետաքրքրությունը, այլև հանգամանքները։

2020 թվականին, համավարակով պայմանավորված, բժշկական համալսարան ընդունվելու համար պետք էր հանձնել միայն մեկ առարկա՝ կենսաբանություն, ինչը հնարավորություն տվեց ընտրել հենց այս բուհը։ Առաջին տարում նա ընդունվել է վճարովի հիմունքներով, դպրոցն աջակցել է ուսման վարձի փոխհատուցման հարցում, սակայն հաջորդիվ՝ ռոտացիոն համակարգով, բոլոր տարիներին ունենալով բարձր առաջադիմություն, սովորել է անվճար։

«Դեռ դպրոցում մենք մասնակցել ենք մասնագիտական կողմնորոշման դասերի, որի ընթացքում ծանոթացա գենետիկ ինժեներիայի ոլորտին, ինչը շատ գրավեց ինձ։ Ունեի նաև հոգեբանության հանդեպ հետաքրքրություն։ Իհարկե, որպես մասնագիտական ուղղություններ երկուսն էլ տարբեր են, բայց փաստացի երկուսն էլ որոշակի առնչություն ունեն բժշկագիտության հետ` առաջինը գիտական տեսանկյունից, երկրորդը` մարդկանց հետ իրական շփման ու օգնելու ցանկության»,- պատմում է Լիանան՝ հավելելով, որ ավագ դպրոցում ստացել է հիմնարար գիտելիք ժամանակակից ծրագրերի միջոցով,  ժամանակը ճիշտ կառավարելու հմտություններ, զարգացրել է նախասիրությունները և օտար լեզուների իմացությունը։

Նա խոստովանում է, որ երբեք չի ձգտել անվանական կրթաթոշակի, բայց այժմ ունի պատասխանատվության մեծ զգացում, քանի որ գիտի՝ հատկապես անվանի բժշկապետի անունը կրող կրթաթոշակի արժանանալը  պատիվ է, որը պետք է արդարացնել։

Ուսումնառությունը, առավել ևս բժշկագիտական առարկաների դեպքում, հեշտ չէ, բայց Լիանան ունի իր գործելաոճը՝ համառություն, ժամանակի արդյունավետ կառավարում և սովորելու հանդեպ սեր.

«Շատերն են հարցնում, թե ինչպես եմ հասցնում։ Պատասխանը միշտ նույնն է՝ ես հանգստանում եմ սովորելով։ Նոր բան իմանալը ինձ համար հաճույք է։ Ես երբեք մինչև ուշ գիշեր չեմ պարապում․ դասերը, մասնագիտական գրականության ընթերցումը փորձում եմ ավարտել մինչև ժամը 20:00-ն, որպեսզի կարողանամ լիարժեք հանգստանալ»:

Ուսումնական նյութը սերտելիս երաժշտությունը նրա մշտական ուղեկիցն է: Սովորել է Երևանի Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, նվագում է դաշնամուր,  երբեմն, առիթի դեպքում, հնարավորություն է ընձեռում հարազատներին վայելելու դաշնամուրային կատարումներ, տարբեր դասական ստեղծագործություններ իր կատարմամբ:

Ընդգծում է, որ սովորելու բոլոր տարիներին, դժվարին իրավիճակներում երաժշտությունն իրեն օգնել է: Ականջակալներում միշտ հնչել է երաժշտություն. դասականից ռոք ու այլ ժանրեր:

Ապագայում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը հավանաբար կընտրի ոււռուցքաբանությունը որպես նեղ մասնագիտացում, քանի որ այստեղ կլինիկական և գիտական ուղիները համադրելու մեծ հնարավորություններ է տեսնում: Աշխատանքն առավելապես հիվանդանոցային միջավայրում գրավում է նրան և ձգտելու է կենտրոնանալ ոչ թե հիվանդության, այլ պացիենտի վրա:

Այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բժշկությամբ և կընտրեն այն որպես մասնագիտություն, ապագա բժիշկը խորհուրդ է տալիս չվախենալ բարդություններից, չտեսնել միայն վատը, այլ շեշտադրել ինքնակրթությունը, շարունակական մասնագիտական զարգացումը:

Ամփոփելով` նշում է, որ պայմանականորեն 5 տարվա կտրվածքով ցանկանում է իրեն տեսնել ավելի լավը՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ՝ առավել խելացի, բանիմաց, գիտակից և փորձառու։

Հիշեցնենք, որ բժշկական համալսարանն այս ուսումնական տարում ունի 12 անվանական կրթաթոշակառու, որոնց մասին պարբերաբար կպատմենք անուն առ անուն։