Դեղագիտական ֆակուլտետի արդեն մագիստրատուրայի ուսանող Մադլենա Ծատուրյանն այս ուսումնական տարում ակադեմիկոս, անվանի դեղաբան Էմիլ Գաբրիելյանի անվան կրթաթոշակառու է:
«Ինձ համար Էմիլ Գաբրիելյանի անվան կրթաթոշակին արժանանալը մեծ վստահություն և պատասխանատվություն է։ Այս կրթաթոշակը ինձ մոտիվացնում է շարունակել ավելի նպատակասլաց աշխատել, խորացնել մասնագիտական զարգացումս և իմ կարողություններով օգտակար լինել երկրիս»։
Փաստացի ԵՊԲՀ-ում ուսանելիս ապագա դեղագետն արժանացել է անվական երկու կրթաթոշակի, ինչը կրկնակի պարտավորեցնող է և պատվաբեր:
Մադլենա Ծատուրյանն ավելի վաղ՝ 4-րդ կուրսում սովորելիս «Հակոբ Հովհաննիսյանի» անվան կրթաթոշակառու էր: Մեզ հետ զրույցում նա մեծ պատիվ էր համարել Հակոբ Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու լինելը, մի անձի անվան, ով բժշկության ոլորտում ունեցել է մեծ ներդրում։ Նա նշել էր. «Կրթաթոշակը, բացի ֆինանսական աջակցությունից, ոգեշնչում և ոգևորում է ինձ սովորել ավելի լավ, ավելի մեծ նպատակներ դնել իմ առջև։ Որքան էլ դժվար լինի, կարծում եմ՝ անհաղթահարելի ոչինչ չկա, եթե ունես հստակ նպատակ ու ցանկություն, անպայման կհասնես դրանց։ Դպրոցն ավարտել եմ Ղազախստանում, ընդունվել եմ ԵՊԲՀ՝ հայերեն գրեթե չիմանալով, բայց քանի որ ունեի մեծ նպատակ, կարողացա հաղթահարել այդ դժվարությունները, և հիմա փորձում եմ այս ոլորտում դառնալ լավագույններից մեկը»:
Դեղագիտական ֆակուլտետի ուսանողը խոստովանում է, որ քիմիա առարկայի հանդեպ մեծ հետաքրքրությունն է իրեն բերել բժշկական մայր բուհ:
«Մանկուց երազել եմ բժշկական համալսարանում սովորելու մասին։ Դպրոցում շատ հետաքրքրված էի քիմիա առարկայով և որոշեցի ընտրել այնպիսի ոլորտ, որն առնչություն ունի քիմիայի հետ»,-նշում է ապագա դեղագետը: Նա կարևորում է ուսումնառության ընթացքում ոչ միայն գիտելիք, այլև մասնագիտական հմտությունների ձեռքբերումը։
«Սովորելու ընթացքում հասկացա, որ իսկապես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ գալով դեղագիտության ոլորտ»,-ընդգծում է Մադլենա Ծատուրյանը:
Բժշկական մայր բուհում առաջադիմություն ունեցող ուսանողի ցանկությունն է Հայաստանում ավելի զարգացած տեսնել դեղագիտության բնագավառը և այս գործում ունենալ սեփական ներդրումը: