Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանական կրթաթոշակառուն կարևորում է ինքնակրթվելու կարողությունը, հմտությունները կատարելագործելու ձգտումը

Անվանական կրթաթոշակառուն կարևորում է ինքնակրթվելու կարողությունը, հմտությունները կատարելագործելու ձգտումը

ԵՊԲՀ 2022-2023թթ. ուսումնական տարվա «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակի հավակնորդ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Էլեն Խաչատրյանը կարևորում է ինքնակրթվելու կարողությունը, հմտությունները կատարելագործելու ձգտումը: 

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը և բարձր առաջադիմությամբ սովորելուն, հերացիականը անկեղծանում է. «Ուսմանս` բժշկությանն առնչվող հատվածը, սկսվել է դեռևս ավագ դպրոցից: Ավարտել եմ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը, որը լայն հնարավորություններ է տալիս աշակերտներին թե՜ խորապես ուսումնասիրել բնագիտական առարկաներ, թե՜ ծանոթանալ բուհական ու հիվանդանոցային կյանքին: Համալսարանական իմ առօրյան բավականին հագեցած ու բազմազան է: Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել հիվանդանոցներում, տեսական գիտելիքներս լրացնելով գործնական հմտություններով, ժամանակ հատկացնել նախասիրություններիս ու վայելել ուսանողական տարիները: Համալսարանական ամենամեծ իմ ձեռքբերումներից մեկը՝ ընկերներս են:

Երբ հիշում եմ, որ շուտով այլևս ուսանող չեմ լինելու, ինչ խոսք, նաև տխրում եմ: Խմբում պայմանավորվել ենք հնարավորինս շատ դրական հիշողություններ կուտակել այս տարվա ընթացքում: Բայց և շատ մեծ սպասումով եմ լցված՝ գալիք նոր փուլերի հանդեպ»:

Սովորողը որպես նեղ մասնագիտություն պատրաստվում է ընտրել սրտաբանությունը. 

«Այն ինձ համար յուրահատուկ է, բժշկության ամենահետաքրքիր, լայն հնարավորություններ ունեցող, ուղղություններից մեկն է: Անկեղծ ասած, երբեմն ինձ թվում է, որ ծնվել եմ՝ արդեն իսկ մասնագիտությունս ընտրած: Սկսած «ատամհատիկից», երբ վերցրել եմ ստետասկոպ, մանկությունս անցել է բժիշկ-բժիշկ խաղալով: Ու հետագայում չեմ էլ մտածել մասնագիտության ընտրության շուրջ, որովհետև ինձ համար հստակ էր, այլընտրանք չեմ էլ դիտարկել: Շա՜տ ուրախ եմ, որ հետագա ուսումնառությանս ընթացքում, որոշումս դարձել է ավելի գիտակցված, իսկ ընտրածս ուղու հանդեպ հետաքրքրությունս ու սերս՝ բազմապատկված: Վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի, ու այդ ամենը կդրսևորվի նաև մասնագիտական գործունեության ընթացքում»:

Խոսելով մասնագիտության առանձնահատկություններին և բժիշկ լինելու կարևոր հատկանիշներին, Էլեն Խաչատրյանը ընդգծում է՝  հաջողության կարևոր գրավականը նվիրումն է և անսահման սերը՝ ընտրածդ մասնագիտության հանդեպ:

«Կարծում եմ` անգամ կարիք չկա նշելու տեսական ու գործնական խորը գիտելիքների ու հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտության մասին, միաժամանակ կարևորելով մարդասիրությունը, համբերատարությունը, ապրումակցելու ունակությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և իհարկե պատասխանատվությունը: Բժիշկ լինելը՝ ուղղակի մասնագիտություն չէ, այն կոչում է, ապրելակերպ»,-հավելում է նա:

Ապագա բժիշկը համոզված է՝  երբ ունես երազանք և լավ բժիշկ դառնալու նպատակ, հաստատակամ ես՝ դրան հասնելու հարցում, ապա այդ ճանապարհն անցնում ես հաճույքով, և ամեն բան շատ ավելի հեշտ է թվում.

«Իհարկե լինում են դժվարություններ, բայց ինձ միշտ օգնում է ընտրածս մասնագիտության հանդեպ անսահման սերն ու վերջինիս պատասխանատվության աստիճանի գիտակցումը: Այլ մասնագիտության ընտրության շուրջ երբևէ նույնիսկ չեմ մտածել, այլընտրանք երբեք չեմ դիտարկել: Ու ամեն անգամ, մասնագիտություն ընտրելիս, կրկին, առանց երկմտելու, կընտրեի. «բոլոր արվեստներից իրավամբ ազնվագույն՝ բժշկությունը»»,-խոսքն ամփոփում է հերացիականը: