Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանը կդառնար 100 տարեկան

Անվանի բժիշկ-գիտնական Գուրգեն Բադալյանը կդառնար 100 տարեկան

Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը ծնվել է 1923թ. մարտի 5-ին,  Երևանում: Այսօր բժշկագիտության անվանի ներկայացուցիչը կդառնար 100 տարեկան: 1947թ. նա ավարտել է ԵՊԲՀ-ն:

Պրակտիկ բժշկությունից բացի զբաղվում էր նաև գիտական գործունեությամբ: Գուրգեն Բադալյանի գիտական ուղին նվիրված էր սուր և քրոնիկական սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության պաթոգենեզի  հարցերի ուսումնասիրությանը:  Բադալյանը 150-ից ավելի գիտական աշխատության, այդ թվում 4 գրքի հեղինակ է:

Հետազոտել  է արյան շրջանառության տարբեր աստիճանի անբավարարության ժամանակ բրոնխիալ անցանելիության  վիճակը և արտաքին շնչառական ֆունկցիան:

Ակադեմիկոս Բադալյանը մեծ համբավ ուներ նախկին Խորհրդային միության սրտաբանների, թերապևտների շրջանում: Հրապարակել է գրքեր՝ սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության վերաբերյալ:

Գուրգեն Բադալյանը շուրջ երկու տասնամյակ եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր թերապևտը, քառորդ դար շարունակ գլխավորել է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, եղել է թերապևտիկ և սրտաբանական ծառայության ղեկավար առաջատար կլինիկայում:

 Միևնույն ժամանակ ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության ուսումնասիրության լաբորատորիան:

Նախագահել է Հայաստանի թերապևտների գիտական ընկերությունը և անդամակցել է ինտերնիստների միջազգային ընկերությանը:

Մարտի 16-ին, ժամը 16:00-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում կանցկացվի Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: