Հիշելով անվանիներին՝ «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական անդրադարձը նվիրված է Արտեմ Այվազյանին, որի համար ևս 2024 թվականը հոբելյանական է։
«Հայաստանի առաջատար թերապևտներից էր՝ բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1968), հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ (1977-1983), ամբիոնին կից պարբերական հիվանդության հիմնախնդրի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ (1969-1986) և ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր (1984-1993)»:
Պրոֆեսորը լայն էրուդիցիայով, ուշադիր և հոգատար դասախոս էր, գիտնական և կլինիցիստ: 40 տարուց ավելի աշխատել է որպես բժիշկ, ուսուցիչ և գիտնական: Լինելով բարի, համեստ և ազնիվ անձնավորություն՝ Արտոեմ Այվազյանը վայելում էր ոչ միայն ամբիոնի և կլինիկայի, այլև ողջ բժշկական հանրության և ուսանողության սերն ու հարգանքը:
Ա.Այվազյանը ծնվել է 1924 թ. հունվարի 13-ին Գյումրիում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվում է Թիֆլիսի հրետանային ուսումնարան: Նրա ուսանելու ժամանակահատվածը համընկնում է Մեծ Հայրենական պատերազմի հետ: Արագացված դասընթացով ավարտելով ուսումնարանը՝ Ա. Այվազյանը մասնակցում է պատերազմին՝ սկզբից որպես դասակի հրամանատար, հետագայում` Թամանյան 89-րդ դիվիզիայի առանձին հակատանկային կործանիչ դիվիզիոնի հատուկ հակատանկային հրետանային մարտկոցի հրամանատար: Նա պատերազմի ընթացքում պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և 4 մեդալով: Ա. Այվազյանը 1944 թ. շատ ծանր վիրավորվում է։ 40 օրից ավելի տևած անգիտակից վիճակից հետո նա ապաքինվում է՝ մնալով երկրորդ կարգի հաշմանդամ։ Զինվորական ծառայությունն արդեն նրա համար անհնար էր և Ա. Այվազյանն իրեն նվիրեց բժշկությանը: Ա. Այվազյանը բժշկական ինստիտուտն ավարտել է 1950 թվականին՝ անցնելով հայ անվանի թերապևտներ Ա. Ա. Մելիք-Ադամյանի, Ռ. Ն. Գյանջեցյանի և Ա. Տ. Սիմոնյանի դպրոցը: Նա տիրապետում էր իր գործին, աշխատելով բացառիկ ունակությամբ, կարգապահությամբ, սկզբունքայնությամբ, օբյեկտիվությամբ և համառությամբ, ինչը նրան թույլ տվեց հասնել արժանի բարձունքների՝ բժշկի ճանապարհից անցնելով պրոֆեսորի և ամբիոնի վարիչի բարդ ուղի: Ա. Այվազյանի կարևորագույն հատկանիշներից էր նվիրվածությունը: Իր աշխատանքում նա ուշադրություն էր դարձնում ներքին հիվանդությունների բարդ տեսակներին, որոնք մինչ այդ լիարժեքորեն չէին ուսումնասիրված: Նրա առաջին գիտական ուսումնասիրությունները վերաբերում էին օրգանիզմի սպիտակուցային անբավարարությամբ ուղեկցվող հիվանդություններին: Ավելի ուշ, նա կենտրոնացավ ամիլոիդոզի էթիոլոգիայի, պաթոգենեզի ու բուժման հարցերի վրա, իսկ այդ ուսումնասիրությունների ամփոփումն էր Ա. Այվազյանի դոկտորական դիսերտացիան, որը նա փայլուն պաշտպանեց 1966 թվականին: Ա. Այվազյանի գիտական աշխատանքներում կենտրոնական տեղն են գրավում պարբերական հիվանդության (ընտանեկան միջերկրածովյան տենդի) հարցերը: Վերլուծելով կլինիկական, գիտահետազոտական և գրականության ահռելի նյութը՝ Ա. Այվազյանն առաջինը ստեղծեց այդ խորհրդավոր և բարդ հիվանդության համակարգված տեսությունը: Նա առաջինն առանձնացրեց սերոզիտը որպես այդ հիվանդության հիմնական համախտանիշ: Վերլուծելով այս հիվանդության բազմաթիվ իմունաբանական, նյարդաէնդոկրին և կենսաքիմիական փոփոխությունները՝ Ա. Այվազյանն առաջարկեց պարբերական հիվանդության ախտածագման իր տեսությունը: Ա. Այվազյանը հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, որոնցից ամենաարժեքավորն իր մենագրությունն է («Периодическая болезнь». А. А. Айвазян, Ереван, 1982, 215 с.), որը մինչ այսօր շատ բժիշկների և գիտնականների սեղանի գիրքն է` ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Պարբերական հիվանդությամբ պացիենտներին Ա. Այվազյանի մոտ խորհրդատվության էին ուղղորդում նույնիսկ արտերկրի բժիշկները: Եղել են դեպքեր, երբ հիվանդները դիմել են Մոսկվայի մասնագետներին, որպեսզի անցնեն խորհրդատվություն` պարբերական հիվանդության կապակցությամբ, սակայն նրանց այնտեղից ետ են ուղարկել` ասելով, որ ինչու եք այդքան հեռու եկել, երբ ձեր կողքն ապրում և աշխատում է այնպիսի անվանի մասնագետ, ինչպիսին Ա. Այվազյանն է:
Մեծ են Ա. Այվազյանի արժանիքները նաև որպես դասախոսի և ամբիոնի վարիչի: Նրա ղեկավարությամբ հոսպիտալ թերապիայի ամբիոնն անցավ գոծնական պարապմունքների միասնական մեթոդական համակարգի: Նրա դասախոսությունները ոչ մի տարի չկրկնեցին նախորդ տարվա կարդացածը: Բոլոր գիտաբժշկական նորություններն անմիջապես հայտնվում էին նրա դասախոսություններում` չբարդացնելով մինչ այդ մշակած հասկանալի բովանդակությունը: Շատ ուսուցողական էին նաև Ա. Այվազյանի համայցները, որոնց ընթացքում ուսանողները կոնկրետ դեպքերի վրա հստակ տեսնում էին, թե ինչ է կլինիկական մտածելակերպը: Ա. Այվազյանին մշտապես հրավիրում էին բարդ կլինիկական դեպքերի կոնսիլիումներին` նրան ընդունելով որպես ոչ միայն պարբերական հիվանդության և ամիլոիդոզի, այլև հազվադեպ հանդիպող հիվանդությունների մասնագետ:
Այս տարի նշվում է Արտեմ Ալեքսանդրի Այվազյանի ծննդյան 100-ամյակը:
Նա մշտապես կմնա իր ուսանողների, աշխատակիցների և հիվանդների, ինչպես նաև նրանց ժառանգների հիշողության մեջ:
Արտեմ Այվազյանի երկու երեխաները և երկու թոռները նույնպես բժիշկներ են: Իսկ տղան` Ալեքսանդր Այվազյանը գնացել է հոր հետքերով` նվիրելով իր գիտական աշխատանքները պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման հարցերին: Նա նույնպես անցել է բժշկից մինչև ամբիոնի վարիչի դժվար ճանապարհը, տպագրել «Պարբերական հիվանդության բուժումը կոլխիցինով (կես դար անց)» մենագրությունը (2024 թ.), այն նվիրելով հոր ծննդյան 100-ամյակին: