Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է գտնվում Wetlab-ը, որը կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանի աջակցությամբ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատորներին հնարավորություն է տալիս իրականացնել աչքի տարբեր վիրահատություններ։
Այն միակն է տարածաշրջանում և մեծ դեր է խաղում ուսանողների պրակտիկ գիտելիքները զարգացնելու և վիրաբուժության մեջ առաջին քայլերն իրականացնելու կարևոր գործում։
Wetlab-ը մարդու աչքին հյուսվածքների կառուցվածքով առավելագույնս նման կենդանիների աչքի վրա վիրահատություններ կատարելու, վիրաբուժական հմտությունների կատարելագործման հատուկ սենյակ է:
Ակնաբուժության ամբիոնի վարիչ Լիլիթ Ոսկանյանի փոխանցմամբ` Armenian EyeCare Project -ի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ համատեղ ստեղծված Wetlab-ն արդեն վաղուց է գործում, սակայն անցած տարվա հոկտեմբերից այստեղ վիրաբուժական հմտությունների զարգացման և կատարելագործման կուրսեր են ներդրվել ԵՊԲՀ կլինիկական օրդինատորի համար: