Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել  են Քովիդ-19-ի դեմ պայքարում:  ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե  Պողոսյանը  հիացմունքով  է ներկայացնում «առաջին գծում»  զինվորագրված ապագա բժիշկների անտրտունջ ու անշահախնդիր աշխատանքը: 

«Մենք ունենք  «Հերացի 1», «Մուրացան» հիվանդանոցային համալիրները, ատամնաբուժական  պոլիկլինիկաներ, հանրակացարան, և երբ  նախապատրաստում  էինք  հակահամաճարակային մեր գործողությունները,  ուսումնական գործընթացը դեռևս դադարեցված չէր:  Արդեն ակնհայտ էր, որ պետք է միավորել  ջանքերը, համախմբվել՝ առողջապահական լրջագույն մարտահրավերի հաղթահարման գործում: Բուժանձնակազմը պետք է իրականացներ բուժական գործը, ապագա բժիշկները եկան՝ օգնելու ջերմաչափման, թերթիկների լրացման և այլ հարցերում, որոնք անչափ կարևոր են մեր՝ համաճարակաբաններիս համար: Ի դեպ, այս հարցում սիրով պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ԵՊԲՀ ուսխորհուրդն ու ԵՊԲՀ քոլեջը, իրենց օգնությունն առաջարկեցին»,-նշում է Կարինե Պողոսյանը: Ապագա բժիշկներն, ըստ համաճարակաբանի, հսկայական աշխատանք են իրականացրել և շարունակում են իրականացնել համավարակի տարածումը բժշկական մայր բուհի ստորաբաժանումներում կանխելու, զսպելու համար:

«Հնարավոր չէր շենքերի մուտքերի մոտ իրականացնել այցելուների, պացիենտների հսկողությունը, որոշվեց նաև՝ խիստ սահմանափակել  այցելուների մուտքը: Այստեղ է հատկապես, որ օգնության եկան բժշկական համալսարանի կամավոր ուսանողները: Մարդիկ, երբ իրենց հիվանդի համար սնունդ, հիգիենիկ պարագաներ են բերում, հաշվի առնելով համավարակի հետևանքով լարված վիճակը,  նրանց չի թույլատրվում դրանք անձամբ փոխանցել հիվանդին: Մեր կամավորներն արագ կազմակերպում են փոխանցումը,  դեղին թերթիկների վրա գրում են՝ բաժանմունքի անունը, որ պացինետի համար է նախատեսված, կապ են հաստատում մայրապետի հետ, մայրապետն իջնում, վերցնում է և հանձնում»:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե  Պողոսյանի խոսքով, դժվարին գործին կամավոր զինվորագրված ուսանողներն իրենց բաժնում անցել են հատուկ դասընթաց՝ ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսի վարակից, ինչպես կրել անհատական պաշտպանիչ միջոցները՝ դիմակ, ակնոց, ինչպես հագնել արտահագուստը: «Չափազանց մեծ պատասխանատվություն է  ապահովել ոչ միայն բուժանձնակազմի, այլ նաև ուսանողների անվտանգությունը: Աշխատանքը, որ իրենք են կատարում, անտրտունջ, չդժգոհելով, ոչինչ չպահանջելով, իսկապես արժանի է գնահատանքի:  Շատ ուրախ եմ, որ մեր ուսանողները կրկին կամավոր սկզբունքով օգնում են Քովիդ 19-ի դեմ առաջնագծում պայքարող բժիշկներին, ժամերով մնում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բուժհաստատություններում: Այսօր ցանկացած նման օգնություն ավելորդ չէ: Եվ բուժական մասով են  կարողանում օգնել, կատարում են սանիտարի, մայրապետի, բուժքրոջ աշխատանք ու նաև, ինչպես արդեն նշեցի, ադմինիստրատիվ աշխատանք, ինչը ևս շատ կարևոր է լարված այս օրերին»:

Բժշկուհին խոստովանում է՝ արդեն չորրորդ ամիսն է՝ մի քանի տասնյակ ուսանողներ կամավոր գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում՝ չզլանալով կատարել իրենց առաջարկած ցանկացած աշխատանք՝ իրենց ներդրումն ունենալով կյանքերի փրկության գործին: