Բժշկական մայր բուհի և քոլեջի ուսանողները, կրթություն ստանալուն զուգահեռ, շարունակում են ակտիվորեն ներգրավվել տարբեր սպորտաձևերում, մասնակցել մրցումների:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Էրիկ Ավանեսյանն ու Արամ Գալստյանը ևս հասցրել են բազմաթիվ հաջողություններ գրավել:
Էրիկ Ավանեսյանը 2005 թվականից առ այսօր ավանդական կարատեդո մարզաձևի անդամ է, մասնակցել է տարբեր մրցումների՝ գրավելով պատվավոր տեղեր, արժանացել՝ սև գոտու: Հայաստանի առաջնություններում զբաղեցրել է 1-3 տեղերը: 2012 և 2015 թթ. եղել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Արամ Գալստյանը 2008-2016 թթ. զբաղվել է դուքենդո կարատեով: Զուգահեռ երեք տարի մասնակցել է «սպարինգ»-ի պարապմունքների, ինչպես նաև բազմաթիվ մրցումների, 6 անգամ դարձել է Հայաստանի առաջնության չեմպիոն, 3 անգամ՝ փոխչեմպիոն, 2 անգամ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 2013թ. Ուկրանիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Զբաղվել է նաև ձյուդոյով:
ԵՊԲՀ քոլեջի ուսանողուհիներ Էլիզա Ագեևան և Էլեն Մուրադյանը ևս աչքի են ընկել իրենց հաջողություններով:
Էլիզա Ագաևան 2009-10թթ. մասնակցել է գեղասահքի մրցումների, գրավել է առաջին հորիզոնականը: Ընդգրկված է Հայաստանի լողի հավաքականում: Տարբեր տարիներին զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ: Հաճախել է նաև մեծ թենիսի, սպորտային պարի՝ 6 անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն: Զբաղվել է կարատեով, երեք անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. արժանացել է տարվա լավագույն մարզիկ մրցանակին, 2017 թվականին Կիպրոսում մասնակցել է Եվրոպայի չեմպիոնատում, գրավել է առաջին տեղը՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոն կոչմանը: 2018 թ. Թիֆլիսում մրցելով ադրբեջանցու հետ՝ արժանացել է Անդրկովկասի չեմպիոն կոչմանը և ստացել առաջնության միակ գավաթը:
Էլեն Մուրադյանը 2012 թվականից զբաղվում է լողով: Հայաստանի և միջազգային մրցաշարերում գրավել է պատվավոր հորիզոնականներ: Ընդգրկված է լողի հավաքականի կազմում: 2019թ. եղել է մեծահասակների առաջնության չեմպիոն, 2020թ. մասնակցել է ՀՀ պատանեկան առաջնությանը՝ գրավելով առաջին տեղը, պարգևատրվել է հարյուրից ավելի մեդալներով և պատվոգրերով:
Ապագա բժիշկները ներկայացնելով իրենց հաջողությունները, նշում են՝ սպորտը ոչ միայն ապրելակերպ է, այլև առողջության գրավական: Թե՛ սպորտը, թե՛ բժշկությունը հոգեհարազատ են նրանց. համատեղում են մեծ սիրով:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է խրախուսել ապագա բժիշկներին՝ տարբեր սպորտաձևերում ներգրավվելու և հաջողություններ ունենալու գործում: Նշենք, որ ամբիոնը կազմակերպում է սպորտային և առողջարարական միջոցառումներ, անցկացվում են տարբեր մարզաձևերի առաջնություններ համալսարանի խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև, նաև` արշավներ և ամառային ու ձմեռային ճամբարներ: