Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել ԵՊԲՀ շնորհալի ուսանողներին, ովքեր բժշկական կրթություն ստանալուց բացի, աչքի են ընկնում իրենց յուրօրինակ նախասիրություններով: Կարեն Խուդաբախշյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում: Մանկուց սիրել է բժշկությունը և երազել է դառնալ բժիշկ: «Սիրում եմ օգնել մարդկանց թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրների ժամանակ: Այդ պատճառով ընտրել եմ բժշկի ուղին: Թեև դեռ տատանվում եմ մասնագիտության ընտրության հարցում, բայց հավանաբար կընտրեմ ուրոլոգիան կամ ռևմատոլոգիան»,-նշում է նա:
Ապագա բժիշկը խոսքով՝ բժիշկը պետք է լինի բարեխիղճ, անկեղծ, չբավարարվի ստացած գիտելիքներով, այլ ամեն օր թարմացնի դրանք, կարողանա ճիշտ ախտորոշել հիվանդությունը և ճշգրիտ բուժում նշանակել: «Եթե չընտրեր բժշկությունը, ապա կդառնայի հոգեբան, քանի որ կարծում եմ բժիշկի մասնագիտությանը որոշ չափով մոտ է»,-հավելում է նա: Կարեն Խուդաբախշյանը բժշկությունից բացի զբաղվում է նաև երաժշտությամբ, նվագում է դաշնամուր, կիթառ և հարվածային գործիքներ. «14 տարեկանից սկսել եմ նվագել, ինչպես նաև նկարահանվում եմ գովազդային տարբեր հոլովակներում»։
Անդրադառնալով ուսումնական գործընթացին և դասախոս-ուսանող հարաբերություններին, ապագա բժիշկը նշում է . «Շատ ջերմ մակարդակի վրա է մեր շփումը դասախոսների և բժիշկների հետ, շատ բաներ կախված են ուսանողից, դասախոսը պարզապես հիմք է տալիս, իսկ մնացածը դու պետք է կառուցես»:
ԵՊԲՀ ընդունվող երիտասարդներին խորհուրդ է տալիս, որպեսզի ստիպողաբար կամ բարեկամների խորհրդով չընդունվեն բժշկական համալսարան, այլ հասկական մասնագիտության խորությունն ու մեծ պատասխանատվությունը, սիրելով կատարեն իրենց գործը։