Ապագա բժիշկը Պիրոգովի անվան բժշկական համալսարանում անցկացված կոնֆերանսին գրավել է առաջին հորիզոնականը

Ապագա բժիշկը Պիրոգովի անվան բժշկական համալսարանում անցկացված կոնֆերանսին գրավել է առաջին հորիզոնականը

Ընտրած ճանապարհ վստահ քայլելով անցնելու համար ապագա բժիշկներից պահանջվում է պատասխանատվություն, աշխատասիրություն և կամք:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Օլգա Մազմանյանի ծնողները, ինչպես նաև պապիկները բժիշկներ են: «Ես ամեն կերպ փորձում էի խուսափել նույն մասնագիտությունն ընտրելուց, սակայն ժամանակի հետ, տեսնելով  ծնողներիս հաջողություններն այս ոլորտում և նրանց` մարդկանց օգնելու մեծ ցանկությունը, հասկացա, որ ավելի մարդասիրական և արժանի մասնագիտություն չեմ կարող ընտրել»,- ասում է նա՝ անկեղծանալով, որ ի սկզբանե չի մտածել բժիշկ դառնալու մասին։

Բժշկական համալսարանում անցկացրած տարիները նրա համար բավականին բարդ, բայց անչափ հետաքրքիր են անցել։ «Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ սովորել եմ թիմային աշխատանքին, դարձել եմ ավելի համբերատար և պատասխանատու»,-ասում է նա։

Ապագա բժիշկը կարծում է՝ ամենակարևորը կարգապահությունն է։ Որքան էլ սիրես ընտրածդ մասնագիտությունը, չես կարող հաջողությունների հասնել առանց ժամանակի ճիշտ բաշխման և աշխատասիրության։

Խոսելով ԵՊԲՀ ընձեռած հնարավորությունների մասին՝ շեշտում է, որ բուհը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ և գիտական կոնֆերանսներ։ «Փորձում եմ հնարավորինս ակտիվ մասնակցել այդ բոլոր միջոցառումներին, քանի որ դա հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր ծանոթություններ, շատ բաներ սովորել փորձառու մասնագետներից և ընդլայնել  մասնագիտական շրջապատը»,-ավելացնում է նա՝ պատմելով վերջերս Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանում մասնակցած կոնֆերանսի մասին.

«Այն անց է կացվում ամեն տարի: Այս տարի հոբելյանական 20-րդ կոնֆերանսն էր։ Այն անցկացվում էր ոչ միայն որպես կոնֆերանս, այլև մրցույթ՝ ուսանողների և երիտասարդ գիտնականների շրջանում։ Կոնֆերանսը բաժանված էր ըստ մասնագիտությունների։ Ես ներկայանում էի «Մանկաբուժություն և նեոնատոլոգիա» բաժնում։ «Նորածինների իշեմիկ կաթվածների ախտորոշման առանձնահատկությունները» թեմայով ղեկավարիս հետ միասին անցկացրել էինք հետազոտություն և արդյունքների հիման վրա գրել էինք աբստրակտ, որն էլ ընտրվեց բանավոր զեկույցի համար»,- պատմում է նա՝ նշելով, որ 20 տարիների ընթացքում Հայաստանից առաջին մասնակիցն էր։ Բանավոր զեկույցներով հանդես  են եկել մոտ 250 դիմորդներից ընդամենը 17 ուսանող, որոնց շրջանում էլ Օլգա Մազմանյանը գրավել է առաջին հորիզոնականը։ «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել ԵՊԲՀ-ն և արժանանալ գովեստի խոսքերի Պիրոգովի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից»,- անկեղծանում է բժշկական բուհի ուսանողը՝ խորհուրդ տալով չվախենալ սխալվելուց, զինվել համբերությամբ և ոգեշնչվել անգամ ամենափոքր հաջողություններից։ Պետք է հիշել, որ դժվարություններն անցողիկ են, ամենակարևորը՝ երբեք չկորցնել մոտիվացիան։

Բժշկի ուղին մաքսիմալ պատասխանատվություն և կենտրոնացում է պահանջում։

Նրա համար ամենաբարդ շրջանը եղել է տեսական մասից գործնականին անցնելը։

«Սկզբում շատ դժվար է տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներդ ճիշտ կիրառել, շփվել տարբեր պացիենտների հետ, սակայն ժամանակի հետ վստահությունն ավելանում է»,- նշում է Օլգան՝ ավելացնելով, որ կարևոր է նաև հաղթահարել հուզական լարվածությունն ու սթրեսը։

Սովորողի խոսքով՝ յուրաքանչյուր ուսանող, անկախ իր պատրաստվածությունից, բախվում է մի շարք դժվարությունների։ Դա կարող է լինել մեծ ծավալի նյութ, քննաշրջան, անհաջողություններ ուսման մեջ։ Ամենակարևոր կետն ինձ համար չթողնել ամբողջ նյութի յուրացումը վերջին պահին։ «Ամենօրյա գրաֆիկ կազմելն օգնում է ժամանակը ճիշտ բաշխել և խուսափել հավելյալ լարվածությունից։ Երկրորդը՝ միշտ հարցեր ուղղել դասախոսներին։ Երբեմն միայն դասագրքերով սովորելը բավականին բարդ է, և դասախոսի հետ կոմունիկացիան օգնում է ավելի լավ պատկերացնել այն, ինչ կարդալով այդքան լավ չէիր հասկանում»,- մանրամասնում է նա։

Նրա նպատակն անվերջ կրթվելն ու իր ընտրած մասնագիտության մեջ հաջողությունների հասնելն է։ «Դրա համար պլանավորում եմ դիմել տարբեր փոխանակային ծրագրերի, ընդլայնել գիտելիքս ընտրածս ոլորտում։ ԵՊԲՀ-ն տալիս է այդպիսի հնարավորություններն ինչպես ուսանողներին, այնպես էլ արդեն կայացած բժիշկներին։ Բացի այդ, շատ դասախոսներ նաև աջակցում և մոտիվացնում են ուսանողներին գիտությամբ զբաղվելու հարցում, օգնում են կատարել բազմաթիվ հետազոտական աշխատանքներ արդի թեմաների վերաբերյալ, արդյունքներով կիսվել արտասահմանյան ամսագրերում»,- ընդգծում է Օլգա Մազմանյանը։

Բժիշկն այն մասնագետն է, ում մարդիկ վստահում են ամենակարևորը՝ իրենց կյանքն ու առողջությունը։ «Ինձ համար որպես բժիշկ ամենակարևոր արժեքները մարդասիրությունը, ազնվությունն ու կարեկցանքն են»,- կարծում է նա։

Լավ բժիշկ դառնալու գրավականը՝ անվերջ սովորելն ու կատարելագործվելն է։ «Այս ոլորտում մրցակցությունը բավականին մեծ է, և լավ մասնագետ դառնալն անվերջ աշխատասիրություն է պահանջվում»,-նկատում է սովորողը՝ կարևորելով ցանկացած խնդրին սառնասրտորեն մոտենալը։

Որոշել է դառնալ բժիշկ- ռադիոլոգ։ «Ինչպես նշեցի՝ կատարածս հետազոտությունը նվիրված էր նորածինների իշեմիկ կաթվածներին, ուստի ցանկանում եմ մասնագիտանալ պերինատալ ռադիոլոգիայում»,-եզրափակում է նա՝ հիշելով, որ ամենակարևոր խորհուրդներից մեկը, որը ստացել եմ բազմաթիվ դասախոսներից ՝ ընտրած մասնագիտության մեջ լինել լավագույնը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողը պլանավորում է օրդինատուրան ավարտելուց հետո վերապատրաստում անցնել արտերկրում և զարգացնել ընտրած ճյուղը Հայաստանում։