Բժշկական համալսարանում ներդրված գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի շրջանակում այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում իր հետազոտական աշխատանքի արդյունքներն է ներկայացրել ընդհանուր, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների 287 ուսանող:
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ապագա դեղագետներն այսօր «Դեղերի քիմիա» և «Ֆարմակոլոգիա» առարկաների շրջանակում հանդես եկան համակցված զեկույցներով՝ «Հակապարկինսոնային դեղեր», «Միգրեն», «Հակասպիդային դեղեր», «Հակահելմինթային դեղեր», «Հակասնկային դեղեր», «Սերոտոնին, սերոտոնային ընկալիչներ, ագոնիստներ և անտագոնիստներ», «Քիմիոթերապիա» թեմաներով:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի խոսքով՝ համակցված զեկույցների նպատակն է տարբեր առարկաների գիտելիքների ինտեգրացիան, որը բուհական կրթության կարևորագույն հարցերից է:
Կարևորելով գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի ներդրումը բժշկական բուհում՝ Մարինե Բալասանյանը նշեց, որ այն նպաստում է ուսանողների առաջադիմության բարձրացմանը, մասնագիտական մտածելակերպի ճիշտ ձևավորմանը, գիտական ճաշակի զարգացմանը: «Փնտրելով, գտնելով, հետազոտելով նյութեր, որոնք անհրաժեշտ են թեման ներկայացնելու համար՝ ուսանողը մի մակարդակից բարձրանում է ավելի բարձր մակարդակի»,-ընդգծեց ամբիոնի վարիչը՝ ավելացնելով, որ դասախոսների հետ կատարած համատեղ աշխատանքը ոչ միայն ի նպաստ ուսանողի է, այլև խթանում է դասախոսների աճին՝ անընդահատ զարգացող բժշկության և դեղագիտության ոլորտում:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի խոսքով՝ գնահատման բազմաբաղադրիչ համակարգում ընդգրկված են մեծ թվով սովորողներ. զեկույցներով հանդես գալու հնարավորություն ունեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: