ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ապագա դեղագետները ֆարմակոլոգիայի ամբիոնում ներդրված գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի շրջանակում ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները՝ «Լուծողականների ֆարմակոլոգիա», «Սպորտի ֆարմակոլոգիա», «Հակաքաղցկեղային դեղեր», «Ցիտոստատիկներ», «Հոգեխթանիչների ֆարմակոլոգիա», «Մարիխուանա, դեղաբանական նշանակությունը» թեմաներով:
Զեկուցմանը ներկա էին Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը, Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը, ինչպես նաև դասախոսներ՝ մի շարք ամբիոններից:
Բարձր գնահատելով գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգի ներդրումը բժշկական բուհում՝ Մարինե Բալասանյանն ընդգծեց, որ այն նպաստում է ուսանողների առաջադիմության բարձրացմանը, մասնագիտական մտածելակերպի ճիշտ ձևավորմանը, գիտական ճաշակի զարգացմանը:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի խոսքով՝ գնահատման բազմաբաղադրիչ համակարգում ընդգրկված են մեծ թվով սովորողներ, սակայն զեկույցներով հանդես գալու հնարավորություն ունեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:
Մարինե Բալասանյանը կարևորեց նաև ամբիոնում հաջողությամբ ներդրված բազմաբաղադրիչ համակարգի վերաբերյալ կարծիքների հավաքագրումը, որն իրականացվում է զեկուցմանը ներկա ուսանողների շրջանում անցկացվող հարցման միջոցով: «Լրացնելով հարցաթերթիկները՝ նրանք հնարավորություն ունեն արտահայտել իրենց կարծիքը՝ առանձնացնելով գիտելիքի գնահատման այս մեթոդի առավելություններն ու ներկայացնելով առաջարկներ, ինչը խթանում է ամեն տարի էլ ավելի բարելավել կրթական այս մեթոդի հնարավորությունները»,-եզրափակեց Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչը: