Բարձր առաջադիմություն, ուսումնական հաջողություններ ունեցողներին անդրադառնալն ինքնանպատակ չէ: Այն միտված է ուսանողների, դիմորդների, շրջանում ներկայացնել օրինակելի սովորողներին, որոնք հետագայում իրենց նպաստը կբերեն բժշկագիտության տարբեր ուղղությունների զարգացման գործում:
Ապագա դեղագետ Աիդա Խաչատրյանն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է: Նա սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում:
«Բուհ եմ ընդունվել առավելագույն միավորներով և սովորում եմ անվճար հիմունքներով: Դեռևս դպրոցում, երբ ուսումնասիրում էինք կենսաբանություն, քիմիա առարկաները, այդ ժամանակ ցանկությունս էր դառնալ այնպիսի մասնագետ, որը պատկերացում կունենա տարբեր հիվանդությունների բուժման վերաբերյալ՝ թե վիրաբուժության մեջ, թե էնդոկրինոլոգիայում, տարբեր ոլորտներում, որոնցում, օրինակ, բուժական գործ սովորող ուսանողները մասնագիտանում են»,-նշում է ապագա մասնագետը` հավելելով, որ դժվար է կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, քանի որ ցանկանում էր ամեն մի ուղղությունից մի փոքր գաղափար ունենալ, և ի վերջո որոշեց ընտրել դեղագետի մասնագիտությունը.
«Դեղագիտական ոլորտը որոշակիորեն տալիս է սովորողներին այդ հնարավորությունը, միևնույն ժամանակ, բժշկական մայր բուհը տալիս է բազմակողմանի զարգացվածության, լայն գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն»:
Աիդա Խաչատրյանը վստահեցնում է, որ իր կրթությամբ, ուսումնառությամբ անելու է հնարավորը, հանրապետության լավագույն դեղագետներից մեկը դառնալու համար:
«Առավելապես հետարքրքրված եմ կլինիկական ֆարմակալոգիայով, կցանկանամ նպաստել Հայաստանում կլինիկական դեղագետության զարգացմանը»,-ասում է ԵՊԲՀ ուսանողը:
Նա խոստովանում է, որ իրեն գրավում է նաև դասախոսի աշխատանքը:
«Շատ եմ կարևորում դասախոսների գործունեությունը, երբ քո ունեցած գիտելիքն ու փորձը փոխանցում ես սովորողին, անգամ հիմա, երբ ես կարողանում եմ իմ ունեցած գիտելիքը փոխանցել ինչ-որ մեկին, դա ինձ մեծ բավականություն է պատճառում: Նպատակներս շատ են, կցանկանայի նաև բժշկագիտության ոլորտում ներդրում ունենալ»,-իր ապագայի ծրագրերով է կիսվում դեղագիտական ֆակուլտետի ուսանողը:
Աիդա Խաչատրյանն ընդգծում է, որ ունի նաև ծննդավայրում՝ Արմավիրում, դեղագիտության ոլորտը զարգացնելու նպատակներ:
«Մեր օրերում, երբ տեխնոլոգիաները արագ զարգանում են, անհրաժեշտ է անընդհատ աշխատել, պրպտել, գտնել նորարարական լուծումներ բոլոր ոլորտներում, այդ առումով, դեղագիտությունը բացառություն չէ»,-եզրափակում է լավ առաջադիմություն ունեցող ապագա մասնագետը: