Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա մասնագետը կլինիկական դեղագիտությունը ծննդավայր Ոսկեպարում զարգացնելու ծրագրեր ունի

Ապագա մասնագետը կլինիկական դեղագիտությունը ծննդավայր Ոսկեպարում զարգացնելու ծրագրեր ունի

Դեղագիտությունը բժշկագիտության արագ զարգացող ոլորտներից է, որն առնչվում է մարդկանց առողջության ու կյանքի որակի հետ:  

Գնալով ավելանում է երիտասարդների հետաքրքրությունը դեղագիտական բարձրագույն կրթության հանդեպ: Ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում դեղագետի մասնագիտությունը պահանջված է:  

Ծնունդով Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից Ալվարդ Նասիբյանը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում:

«Բժիշկ դառնալը դեռ մանկուց եղել է իմ երազանքը։ Սկզբում երազանք, հետո հասուն տարիքում արդեն նպատակ։ Այս նպատակին հասնելը, թեպետ բարդ ու դժվար էր թվում սահմանապահ գյուղում ապրելով ու սովորելով, որտեղ որոշակի հնարավորություններ սահմանափակ էին, բայց դա ինձ չխանգարեց լինել նպատակասլաց ու հետամուտ իմ հետաքրքրություններ ու ցանկությունները իրագործելու հարցում: Միշտ ունեցել եմ մեծ սեր ու հետաքրքրություն դեպի բնությունը, կենդանիները, դեպի մարդկային կյանքը, բայց ամենաշատը դեպի բուսականություն, որը հնարավոր չէ չսիրել ու ուսումնասիրելու հետաքրքրություն չունենալ՝ ապրելով մի տարածաշրջանում, որը հարուստ է բուսականությամբ, և որի հետ մշտապես առնչվել եմ։ Հենց այդ էր պատճառը, որ ընտրեցի բժշկի ուղին»,-նշում է ապագա դեղագետը։

Նա խոստովանում է, որ ի սկզբանե ցանկացել է զբաղվել բուժական գործով, սակայն ընդունվելով Դեղագիտական ֆակուլտետ շատ է սիրել  այս ոլորտը:

«Եթե կրկին մասնագիտական ընտրության հնարավորություն լիներ, կընտրեի այս ֆակուլտետը: Իմ համոզմունքն է, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,-անկեղծանում է ԵՊԲՀ ուսանողը։

Ալվարդ Նասիբյանը նշում է, որ հպարտությամբ է սովորում բժշկական մայր բուհում, որը բացի մասնագիտական գիտելիքներից, տալիս է նաև աշխարհայացքը զարգացնելու, մարդկային ու մասնագիտական մեծ շփումների հնարավորություն:

Նրա ապագայի ծրագրերը կապված են կլինիկական դեղագիտության ոլորտի հետ: Ապագա դեղագետի ցանկությունը ներդրում ունենալն է այդ ուղղության զարգաման գործում:  

«Շատ կուզեի, որ դեղագետները մեր մարզում էլ շատ լինեին, կփորձեմ Տավուշի երիտասարդների շրջանում այդ մասնագիտության հանդեպ սեր «վարակել»: Չեմ բացառում, որ մասնագիտական գործունեությունս կիրականացնեմ իմ ծննդավայր Ոսկեպարում»,- ընդգծում է Ալվարդը: