ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Սիլվա Չիլինգարյանն այսօր առաջին կուրսի սովորողներին ներկայացրեց «Երբեք մի՛ հանձնվիր» թեմայով դասախոսություն, որի նպատակն էր ցույց տալ սեփական փորձը՝ սովորողներին կոչ անելով իրենց ուժերը համատեղել բուհի ընձեռած հնարավորությունների հետ և դրանից օգտվելով՝ դառնալ լավ բժիշկ:
Իր դասախոսությամբ ապագա ստոմատոլոգն անդրադարձավ այն բոլոր խնդիրներին, որոնց հետ առաջին կուրսում բախվում են սովորողները: Ցույց տալով լուծումներ գտնելու ճանապարհները՝ Սիլվա Չիլինգարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց շատ կարևոր հանգամանքի վրա: «Մենք բոլորս նախ բժիշկներ ենք և, մինչ ստոմատոլոգիական խնդիրներին անցնելը, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք հիվանդի ընդհանուր առողջական վիճակին՝ այսպիսով ախտորոշելով և կանխարգելելով մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, այդ թվում առաջին հայացքից անհավանական թվացող, սակայն այժմ գիտնականների ուշադրության կենտրոնում գտնվող ալցհեյմերի հիվանդությունը»,-ասաց Սիլվա Չիլինգարյանը:
ԵՊԲՀ ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատորն ավելացրեց նաև, որ ստոմատոլոգներն այն բժիշկներն են, որոնք ունենում են հիվանդների ամենամեծ հոսքը, և պետք է հանդես գալ որպես առաջնային կանխարգելող օղակ՝ ուղղորդելով հիվանդներին համապատասխան մասնագետների մոտ:
Ապագա ստոմատոլոգը հույս հայտնեց, որ իր՝ դասախոսությամբ հանդես գալու նախաձեռնությունը մյուս սովորողների համար օրինակ կլինի: