Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապրիլը` չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս

Ապրիլը` չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս

Ապրիլը մի քանի տեղակայման չարորակ նորագոյացությունների իրազեկման ամիս է, որի հիմնական նպատակը հանրային լայն շրջանակներում հիվանդացության վերաբերյալ մատչելի տեղեկատվության տրամադրումն է, և ևս մեկ անգամ հիշեցումը, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն պետք է ժամանակին ախտորոշել և բուժել:

Ապրիլը գլխի և պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս է: Այն լավ առիթ է բարձրաձայնելու այս տեղակայման քաղցկեղի, ռիսկի գործոնների, ախտանիշների, կանխարգելման ռազմավարությունների և այն մասին, թե ինչ  նորարարություններ կան գլխի և պարանոցի քաղցկեղի հետազոտության ու բուժման գործընթացներում: Գլխի և պարանոցի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների մեծ խումբ է, որոնք ազդում են գլխի կամ պարանոցի տարբեր հատվածների վրա:

Որոշ տեղակայումներ, որոնք ախտահարում են գլխի կամ պարանոցի տարբեր օրգաններ, այս խմբի մաս չեն կազմում, օրինակ` ուղեղի, աչքերի, կերակրափողի, վահանագեղձի և մաշկի քաղցկեղը:

Գլխի և պարանոցի քաղցկեղը կազմում է Միացյալ Նահանգներում քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 4%-ը: 2023 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է բերանի, ըմպանի և կոկորդի քաղցկեղի շուրջ 66.920 դեպք: Ըստ ամերիկյան վերահսկողության, համաճարակաբանության և վերջնական արդյունքների ծրագրի` այս հիվանդություններից մահացել է մոտ 15.400 մարդ:

Տղամարդկանց մոտ երկու անգամ ավելի է գլխի և պարանոցի քաղցկեղ ախտորոշվում, քան կանանց մոտ և այն հիմնականում ախտորոշվում է 50 և բարձր տարիքային խմբում: Ախտորոշվող բոլոր դեպքերի 50%-ը հայտնաբերվում են արդեն 3-րդ և 4-րդ փուլերում:

Հայաստանում 2022թ.-ի վիճակագրական տվյալների համաձայան` գրանցվել է կոկորդի, շրթունքի, բերանի խոռոչի և ըմպանի քղցկեղի 2443 դեպք, որից 2040-ը կամ 84%-ը կազմում են տղամարդիկ:

Գլխի և պարանոցի քաղցկեղի ախտանիշները կարող են ներառել գոյացություններ, խոցեր, կոկորդի մշտական ցավ, կլման դժվարություն, ձայնի փոփոխություն կամ խռպոտություն և այլն: Ստոմատոլոգները սովորական ստուգումների ընթացքում կարող են ստուգել բերանի խոռոչի քաղցկեղի նշանները սկրինինգային թեստերի միջոցով, որոնք, սակայն, գլխի և պարանոցի այլ քաղցկեղների դեպքում չեն կատարվում: Գլխի և պարանոցի քաղցկեղը կարող է ազդել նաև թքագեղձերի, սինուսների, գլխի և պարանոցի մկանների ու նյարդերի վրա:

Ալկոհոլի և ծխախոտի, սիգարի, էլեկտրոնային սիգարետների, փաֆերի ավելորդ և հաճախակի օգտագործումը գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման նշանակալի ռիսկի գործոններ է: Գլխի և պարանոցի հիվանդությունների դեպքերի մոտ 70-80%-ը կապված է ծխախոտի օգտագործման հետ:  Ծխող մարդկանց մոտ տվյալ քաղցկեղի զարգացման ռիսկը 15%-ով ավելի է քան չծխողների մոտ:

Մարդու պապիլոմավիրուսային վարակը (ՄՊՎ)` հատկապես 16-րդ շտամը, ևս մեկ տարածված ռիսկի գործոն է գլխի և պարանոցի որոշ քաղցկեղների զարգացման համար, հատկապես կոկորդի շրջանում:

ՄՊՎ-ի շուրջ 14 շտամներ բարձր ռիսկային են, և երկու տեսակ՝ ՄՊՎ 16 և 18, առաջացնում են ՄՊՎ-ի հետ կապված քաղցկեղների մեծ մասը: Մարդու պապիլոմավիրուսային վարակը առավել հաճախ կապված է արգանդի վզիկի քաղցկեղի հետ, այնուամենայնիվ, տարիներ շարունակ ենթադրվում է, որ ՄՊՎ վարակը կապված է նաև գլխի և պարանոցի քաղցկեղի որոշ դեպքերի հետ: Այնուամենայնիվ, գլխի և պարանոցի քաղցկեղն ավելի լավ հասկանալու և ՄՊՎ-ի ռիսկի գործոն լինելու մասին հստակ իմանալու միակ միջոցը շարունակ հետազոտություններ կատարելն է:

Գլխի և պարանոցի քաղցկեղի կանխարգելման ռազմավարությունները ներառում են ծխելուց և ծխախոտի այլ արտադրանքներից խուսափելը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը, ՄՊՎ պատվաստումը և բերանի խոռոչի կանոնավոր խնամքը:

Նշենք, որ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ներառված է իմունականխարգելման ազգային ծրագրում, այն իրականացվում է 13-15 տարեկանում 2 դեղաչափով, իսկ 15-ից բարձր տարիքային խմբում՝ 3 դեղաչափով:

Եղեք առողջ և իրազեկ: