«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ բժշկական բուհում

«Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորագրով համաժողով՝ նվիրված Ստոմատոլոգիայի միջազգային օրվան։

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը, փոխանցելով մասնակիցներին նաև համալսարանի ղեկավարության շնորհավորական խոսքն օրվա առթիվ, նշեց․ «Շատ փորձառու և բանիմաց ստոմատոլոգներ հաճախ կարողանում են ախտորոշել նաև այլ հիվանդություններ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ բացահայտել ենք և՛ ուռուցքներ, և՛ ծնոտային դեֆեկտներ, և՛ տարբեր հատվածների կիստաներ, ինչպես նաև այլ նորագոյացություններ։ Գնահատե՛ք և հարգե՛ք ստոմատոլոգի մասնագիտությունը, ինչպես նաև արժևորե՛ք ձեզ՝ որպես բժիշկներ»։

Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը հանդես եկավ «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում» թեմայով զեկույցով։ Նրա խոսքով՝ 21-րդ դարն իր հետ բերեց նոր նվաճումներ, որոնք չէին կարող շրջանցել ստոմատոլոգիան։ Ներկայացնելով ոլորտի նորամուծությունները՝ մասնագետը շեշտեց․ «Գիտությունը գնում է դեպի գործնական ոլորտ։ Նորամուծությունների մեծ մասն արդեն կիրառվում է հայաստանյան առաջատար կլինիկաներում»։

Իրանից Հայաստան վերադարձած դիմածնոտային վիրաբույժ, պարoդոնտոլոգ և իմպլանտոլոգ, «Imperial Implant Center» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր և տնօրեն Էդվին Ռոստամին ներկայացրեց «Ատամնային իմպլանտացիայում բարդությունների կանխարգելումը և կառավարումը» խորագրով զեկույցը։ «30 տարի առաջ եմ Հայաստան եկել։ Այն ժամանակ շատ քչերն էին զբաղվում իմպլանտացիայով։ Այժմ իրավիճակը բոլորովին այլ է», – նշեց մասնագետը՝ մանրամասնորեն ներկայացնելով ոլորտի բարդությունները՝ սխալ պլանավորումից մինչև վերջնական ձախողում։

Համալսարանական մասնագետները զեկույցներ ներկայացրին «Անշարժ պրոթեզավորման սխալները պրակտիկ ստոմատոլոգիայում և դրանց կանխարգելումը», «3D ախտորոշում և օրթոդոնտիկ բուժման պլանավորում էլայներներով», «VR տեխնոլոգիաները ստոմատոլոգիայում», «Անհետաձգելի բժշկական օգնությունը ստոմատոլոգիայում», «Կարիեսի բուժման առանձնահատկությունները մանկական ստոմատոլոգիայում» և մի շարք այլ արդի թեմաներով՝ միջոցառման ընթացքում և ավարտին պատասխանելով ապագա ստոմատոլոգների հարցերին։

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր բժշկական բուհի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից։