Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովի ջանքերով և տևական նախապատրաստական աշխատանքներից հետո բժշկական բուհում անցկացվեց «Արդյունավետ դասախոսի բանաձևը» ուսանողական կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեցին նախապես իրականացված հետազոտության արդյունքները։
Մասնակիցները փորձեցին բացահայտել այն առանցքային հատկանիշները, որոնք ձևավորում են արդյունավետ դասախոսի կերպարը՝ մեկ հարթության վրա միավորելով ուսանողների ակնկալիքներն ու դասախոսական համայնքի մասնագիտական պատկերացումները։
«Ի՞նչն է ձևավորում արդյունավետ դասախոսի կերպարը բժշկական կրթությունում՝ գիտելի՞քը, մեթոդնե՞րը, թե՞ մարդն ինքնին»․ այս հարցին պատասխանելու նպատակով իրականացվել է քանակական հետազոտություն՝ համադրելով ուսանողների և դասախոսների ընկալումները։
Հետազոտությանը մասնակցել են բժշկական համալսարանի դասախոսներն ու ուսանողները։ Հարցաթերթիկի միջոցով գնահատվել են դասախոսի մարդկային, մանկավարժական, մասնագիտական և հաղորդակցական հատկանիշները։
Արդյունքները ցույց տվեցին, որ արդյունավետ դասախոսի կերպարի ընկալումը միանշանակ չէ․ բացահայտվել են մի շարք հակադրություններ և ընդհանուր համընկնող ուղղություններ, որոնք ընդգծում են ժամանակակից բժշկական կրթության առանցքային առաջնահերթությունները։
Պրոռեկտորների, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված միջոցառման առաջնային նպատակն էր ծանոթանալ հետազոտության արդյունքների խորքային վերլուծությանը։
Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Արդյունավետ դասախոսը ԵՊԲՀ-ում․ ուսանող-դասախոս ակնկալիքներից դեպի կրթական քաղաքականություն» թեմայով։
Քննարկման մասնակիցներն էին պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանը, Կոնստանտին Ենկոյանը, Խաչատուր Մարգարյանը, ինչպես նաև դասախոսներ Արամ Բայկովը և Արտեմ Գրիգորյանը։