Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար, որոնք կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկը: Ըստ մի շարք պատգամավորների` լույսն ու աղմուկն այն «անտեսված աղտոտիչներն» են, որոնք զգալի վնաս են հասցնում մարդու առողջությանը և կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ: 

Լորդերի պալատի գիտության և տեխնոլոգիայի հանձնաժողովը կոչ է արել նախարարներին ավելին անել այս աղտոտիչների դեմ պայքարելու համար, որոնք, ըստ նրա, «վատ են ընկալվում և վատ էլ կարգավորվում են»:

«Միայն Մեծ Բրիտանիայում աղմուկը տարեկան պատճառ է հանդիսանում, ընդհանուր առմամբ, առողջ կյանքի 130.000 տարվա կորստի` համաձայն բրիտանական առողջապահական գործակալության տվյալների», – ասում է հանձնաժողովի նախագահ Լեյդի Քինգը:

Արհեստական լույսի` առողջության վրա ազդեցության հետևանքների վերաբերյալ հետազոտություններն այդքան էլ զարգացած չեն, բայց դա նույնպես կարող է խանգարել ցիրկադային ռիթմին և քնին, ինչը կարող է հանգեցնել սոցիալական և տնտեսական հնարավոր հետևանքների: Ենթադրվում է, որ քնի խանգարումը Միացյալ Թագավորության տնտեսությանը տարեկան կարժենա 34 միլիարդ ֆունտ, և ինչպես լույսը, այնպես էլ ձայնային աղտոտվածությունը ֆինանսական կորուստների համար նպաստող գործոններ են: 

«Դրանք ոչ միայն կարող են գրգռվածություն առաջացնել՝ ազդելով կյանքի որակի վրա, այլև քնի և ցիրկադային ռիթմերի խանգարման պատճառով ինչպես աղմուկի, այնպես էլ լույսի աղտոտումը կարող է նպաստել սրտի հիվանդությունների և վաղաժամ մահվան», – նշում է տիկին Քինգը:

Չնայած անհատի համար ռիսկի ավելացումը կարող է փոքր և անտեսանելի լինել՝ միլիոնավոր մարդկանց վրա ազդեցությունը հանգեցնում է առողջության զգալի կուտակային բեռի:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ գիշերն արհեստական լուսավորության ազդեցությունը կարող է խաթարել գլյուկոզայի մակարդակը և սրտանոթային համակարգի կարգավորումը և մեծացնել սրտի հիվանդության կամ շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:

Զեկույցում նշվում է, որ արհեստական լույսի պատճառած վնասի չափը ներկայումս ճիշտ և պատշաճ չի գնահատվում Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, սակայն արբանյակային տվյալների և գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն զգալիորեն աճել է LED լույսերի ներդրումից ի վեր:

Ամերիկյան բժշկական ասոցիացիան նախկինում նախազգուշացրել էր «սպիտակ» LED փողոցային լույսերի` առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին՝ խորհուրդ տալով դրանց փոխարեն տեղադրել ավելի թույլ կամ տաք գույնի արտաքին լուսավորություն:

Հանձնաժողովը կոչ է արել ստեղծել նաև աղմուկի փորձագիտական խորհրդատվական խումբ, ինչպես արդեն գոյություն ունի օդի աղտոտվածության հետ կապված` կառավարությանը անկախ առաջարկություններ ներկայացնելու և առաջացող փաստացի տվյալները գնահատելու համար: Նաև առաջարկվում է ստեղծել հատուկ խումբ` գնահատելու, թե ինչպիսին է արհեստական լույսի դրական ազդեցությունը առողջության վրա, և մշակելու հատուկ ուղեցույցներ:

Արհեստական լույսի և աղմուկի պատճառած աղտոտումը կարգավորելու հատուկ նպատակների բացակայությունը, ինչպես նաև գերատեսչությունների և կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համակարգման բացակայությունը  խանգարում է կառավարություններին լուծել այդ խնդիրները:

Կառավարությունները պետք է կենտրոնանան աղմուկի և արհեստական լույսի աղտոտման` առողջության վրա ազդեցության քանակական գնահատման վրա, սահմանեն թիրախներ և կարգավորող շրջանակներ՝ հիվանդությունների ընդհանուր բեռը նվազեցնելու համար: