Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» դասընթացների շարքը` «Միքայելյան» հիվանդանոցում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» դասընթացների շարքը` «Միքայելյան» հիվանդանոցում

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի կողմից ավագ և միջին բուժաշխատողների համար նախատեսված քառօրյա կրեդիտավորված անվճար դասընթացների անցկացումը շարունակվում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:

Ինչպես «Հերացի» և «Մուրացան», այնպես էլ այս բուժհաստատության աշխատակիցներին երկու թեմայով դասախոսելու է ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը` ներկայացնելով «Մարդու իրավունքներ, աշխատանքային իրավունք» և «Բժիշկների և պացիենտների իրավունքներն ու պարտականությունները» թեմաները:

«Բժշկական քրեական իրավունք» թեմային բուժաշխատողները Առողջապահական իրավունքի խմբի դասախոս, դոցենտ Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ են ծանոթացել:

Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը դասընթացի շրջանակում անդրադարձել է առողջապահության բնագավառում խտրականության դրսևորումներին և դրանց կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումներին:

Ավագ և միջին բուժաշխատողներին կտրամադրվի 5 տեսական ՇՄԶ կրեդիտ:

Նշենք, որ դասընթացները նպատակ ունեն ավագ և միջին բուժաշխատողներին առավել մանրամասն ներկայացնել արդի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն իրավական պաշտպանվածությանը։

«Հերացի» վերլուծականի դասընթացների հերթական շարքն այս ուսումնական կիսամյակում կամփոփվի դեկտեմբերի 12-ին: