«Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն». դասընթաց

«Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն». դասընթաց

Վերլուծական կենտրոնում մեկնարկեց ավագ և միջին բուժաշխատողների համար նախատեսված «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» թեմայով չորսօրյա կրեդիտավորված դասընթացը, որը բաղկացած է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ։

Առաջին երկու օրը կմատուցվի տեսական ուսուցում, որից հետո ձեռք բերված գիտելիքը մասնակիցները կկիրառեն գործնական փուլում՝ հատուկ մուլյաժների վրա իրականացվող անհատական փորձարկումների միջոցով։
Դասընթացի առաջին մասում տեսական գիտելիքի փոխանցմամբ հանդես եկավ Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի պետ, Նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս, մանկական նյարդաբան Լիլիթ Գալստյանը:

Նա խոսեց առաջին բուժօգնության հիմունքներից՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակների պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև խոսեց սիրտ-թոքային վերակենդանացումից, շնչուղիների անցանելիությունից, վերքերի, վնասվածքների, արյունահոսությունների, այրվածքների, կոտրվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունից, ինչպես նաև անդրադարձավ շոկային իրավիճակների վաղ հայտնաբերմանը:

«Արտակարգ իրավիճակների, աղետների և վթարների ժամանակ առաջին արձագանքողները չափազանց կարևոր են։ Առաջին մի քանի րոպեների ընթացքում՝ մինչև շտապ օգնության ծառայությունների ժամանումը, ճիշտ օգնություն ցուցաբերելը կարող է վճռորոշ լինել տուժածի համար։ Անգիտակից վիճակում գտնվող անհատին կյանքը փրկելու համար երբեմն վայրկյանը նույնպես կարևոր է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ճշգրիտ առաջին օգնությունը նպաստում է նաև հետագա հաշմանդամության նվազմանը:
«Արտակարգ իրավիճակների և դժբախտ պատահարների դեպքերում առաջին բուժօգնության տարրերի տիրապետումը կանոնավոր շարունակական կրթության միջոցով ներկա ժամանակահատվածում համարվում է պարտադիր պայման գրեթե բոլոր զարգացած երկրներում»,-դասախոսության ընթացքում շեշտեց Լիլիթ Գալստյանը:

Դասընթացը գործնական բաղադրիչով կշարունակի Արմեն Գյուլբեկյանը: