«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում «Տրոպիկական հիվանդություններ» կրթական ծրագիրն ավարտած արտասահմանցի 35 ուսանողի հանձնվեցին ավարտական վկայականներ։ 2019-2020 ուսումնական տարվա հոկտեմբեր ամսից ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնը Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի և Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի հետ համատեղ ներդրել է «Տրոպիկական հիվանդություններ» վերնագրով լրացուցիչ դասախոսությունների 40-ժամյա ծրագիրը` անգլերեն լեզվով: Դասախոսություններն անցկացվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից` ամբիոնի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Ասոյանի ղեկավարմամբ:
ԵՊԲՀ Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալ, դոցենտ Անահիտ Ազնաուրյանը միջոցառմանը նշեց, որ 2019-2020 ուստարվանից առ այսօր ծրագրին մասնակցել է Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի` Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-6-րդ կուրսերի թվով 353 արտասահմանցի ուսանող: Ուսանողների մասնակցության ընտրությունը կատարվել է ըստ նրանց ակադեմիական առաջադիմության: «Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել Հնդկաստանի քաղաքացիների համար, բայց մեկնարկից հետո բազմաթիվ հայտեր ենք ստացել, և ընդգրկվել են այլ երկրների քաղաքացիներ՝ Իրան, Իրաք, Շրի Լանկա, Հորդանան», – ասաց Անահիտ Ազնաուրյանը՝ վստահությամբ շեշտելով, որ ուսանողներն իրենց տեսական գիտելիքը կօգտագործեն նաև պրակտիկայում։ Ուսանողներին ողջունեց և ծրագիրն ավարտելու առթիվ շնորհավորեց ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը։ Նա կարևորեց տրոպիկական հիվանդությունների վերաբերյալ դասընթացի անցկացումը հատկապես արտասահմանցի ուսանողների համար, որոնք իրենց հայրենիքում հաճախ հանդիպել կամ հանդիպում են այդ հիվանդություններին։
Միջոցառման մասնակից դասախոսները շեշտեցին, որ ինտերակտիվ ժամանակակից մեթոդներով անցկացվող դասախոսությունները նպաստում են ուսանողների ակադեմիական մտահորիզոնի զարգացմանը, բժշկական գիտելիքի նկատմամբ հանձնառությանը, մասնավորապես՝ դասախոսություններն ուղեկցվեցին նախա- և հետթեստերով, դիդակտիկ նյութերով, կլինիկական դեպքերի քննարկումներով