Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ շնորհակալություն հայտնելով կամավոր և անհատույց արյան դոնորներին, ինչպես նաև ընդգծելով անվտանգ և բավարար արյան պաշարների կարևորությունը առողջապահական համակարգի համար։
Արյունը դեռևս հնարավոր չէ ամբողջությամբ փոխարինել որևէ արհեստական միջոցով, ուստի դրա միակ աղբյուրը մարդն է։ Կամավոր և կանոնավոր դոնորությունը առողջապահական համակարգի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է։
Արյուն նվիրելը մարդասիրության, համերաշխության և քաղաքացիական պատասխանատվության բարձրագույն դրսևորումներից է։ Դոնոր դառնալով՝ յուրաքանչյուր մարդ հնարավորություն է ստանում անմիջականորեն մասնակցել կյանքեր փրկելու գործին՝ հաճախ նույնիսկ առանց իմանալու, թե ում է օգնել։ Կամավոր և անհատույց դոնորների շնորհիվ հնարավոր է պահպանել արյան կայուն պաշարներ և ապահովել բուժօգնության անընդհատությունը արտակարգ իրավիճակների, բնական աղետների, դժբախտ պատահարների և առօրյա բժշկական կարիքների ժամանակ։
Արյան փոխներարկման պատմությունը երկար և բարդ ճանապարհ է անցել։ 17-րդ դարում կատարվել են առաջին փորձարարական փոխներարկումները, սակայն դրանք հաճախ վտանգավոր էին, քանի որ դեռ հայտնի չէին արյան խմբերը և համատեղելիության կանոնները։ 1818 թվականին բրիտանացի մանկաբարձ Ջեյմս Բլանդելը կատարեց մարդու արյան առաջին հաջող փոխներարկումներից մեկը՝ հետծննդյան արյունահոսության դեպքում։ Սակայն իրական շրջադարձը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ Լանդշտայների հայտնագործությունը ցույց տվեց, որ բոլոր մարդկանց արյունը «նույնը» չէ։
Հետագա կարևոր քայլերից էր Rh գործոնի հայտնաբերումը։ Rh գործոնը սպիտակուց է՝ հակածին, որը կարող է լինել արյան կարմիր բջիջների մակերեսին։ Եթե այդ հակածինը առկա է, մարդու արյունը համարվում է Rh դրական, իսկ եթե բացակայում է՝ Rh բացասական։ Rh համակարգի իմացությունը թույլ տվեց ավելի անվտանգ կազմակերպել փոխներարկումները՝ հաշվի առնելով ոչ միայն A, B, AB կամ O արյան խմբերը, այլև ռեզուս դրական կամ բացասական լինելը։ Այսօր արյան փոխներարկման ժամանակ ամենակարևոր սկզբունքներից մեկը մնում է նույնը՝ դոնորի և ռեցիպիենտի արյունը պետք է լինի համատեղելի, քանի որ անհամատեղելի կարմիր բջիջների փոխներարկումը կարող է առաջացնել ծանր և երբեմն կյանքին սպառնացող ռեակցիաներ։
Ժամանակի ընթացքում փոխվել է նաև դոնորության կազմակերպման ձևը։ Ժամանակակից արյան փոխներարկման ժամանակ, հնարավորության դեպքում, նախընտրելի է, որ պացիենտը ստանա իր նույն ABO և Rh խմբին համապատասխան արյուն։ Այսինքն՝ նույն խումբը՝ նույն խմբին։ Սա նվազեցնում է անհամատեղելիության և փոխներարկման հետ կապված ռեակցիաների ռիսկը։ Սակայն անհետաձգելի իրավիճակներում, երբ նույն խմբի արյունը հասանելի չէ կամ ժամանակ չկա լիարժեք ստուգումների համար, կարող են կիրառվել համատեղելի այլ խմբերի արյան բաղադրիչներ՝ բժշկական ցուցումներով և արյան ծառայության կանոնների համաձայն։ Եթե նախկինում արյունը հաճախ փոխանցվում էր գրեթե անմիջապես դոնորից ռեցիպիենտին, ապա այսօր արյունը հավաքվում է, հետազոտվում, պահվում հատուկ պայմաններում և հաճախ բաժանվում բաղադրիչների՝ էրիթրոցիտային զանգված, պլազմա, թրոմբոցիտներ։ Սա նշանակում է, որ մեկ դոնորության միջոցով հնարավոր է օգնել մի քանի պացիենտի՝ կախված նրանց բժշկական կարիքից։ Ժամանակակից արյան ծառայության հիմքում ոչ միայն դոնորության գաղափարն է, այլև լաբորատոր հսկողությունը, որակի կառավարումը և դոնորի ու պացիենտի անվտանգությունը։
Արյան դոնորությունը, ինչպես ցանկացած բժշկական գործընթաց, ունի նաև որոշ ռիսկեր։ Դոնորի համար դրանք սովորաբար թեթև են՝ գլխապտույտ, թուլություն, կապտուկ կամ երկաթի պաշարների նվազում, հատկապես հաճախակի դոնորության դեպքում։ Ռեցիպինետի համար հիմնական ռիսկերը կապված են արյան խմբային անհամատեղելիության, ալերգիկ կամ իմունային ռեակցիաների, ինչպես նաև արյան միջոցով փոխանցվող հիվնադությունների հետ։ Այն ներառում է դոնորի հարցում, բժշկական գնահատում, լաբորատոր հետազոտություններ և արյան բաղադրիչների ճիշտ ընտրություն։
Արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելումը դոնորության անվտանգության կարևորագույն ուղղություններից է։ ԱՀԿ-ի ուղեցույցի համաձայն՝ նվիրաբերված արյունը պարտադիր պետք է հետազոտվի առնվազն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտ B-ի, C-ի և սիֆիլիսի նկատմամբ։ Որոշ երկրներում, կախված համաճարակաբանական իրավիճակից, կարող են կատարվել նաև լրացուցիչ հետազոտություններ։ Հեպատիտ B-ի դեպքում գնահատվում են վիրուսի տարբեր ցուցանիշներ, օրինակ՝ HBsAg-ը, HBV DNA-ն և anti-HBc-ը։ Anti-HBc-ը ցույց է տալիս, որ մարդը երբևէ շփվել է հեպատիտ B վիրուսի հետ։ Այդ պատճառով որոշ դեպքերում anti-HBc դրական արդյունքը կարող է դառնալ դոնորության սահմանափակման պատճառ։ Սակայն տարբեր երկրներում մոտեցումները կարող են տարբերվել․ երբեմն անհրաժեշտ են լրացուցիչ հաստատող հետազոտություններ՝ հասկանալու համար՝ կա՞ իրական ռիսկ, թե՞ արդյունքը կեղծ դրական է։
Այսօր դոնորության անվտանգությունը զգալիորեն բարձրացել է նաև նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Օրինակ՝ NAT nucleic acid testing մեթոդները հնարավորություն են տալիս հայտնաբերել վիրուսների գենետիկ նյութը ավելի վաղ փուլերում, երբ հակամարմինները դեռ կարող են չհայտնաբերվել։
Դարձե՛ք արյան դոնոր։ Նվիրե՛ք արյուն, փրկե՛ք կյանքեր։ Արյան յուրաքանչյուր կաթիլը կարող է դառնալ առողջության, ապաքինման և կյանքի շարունակության հնարավորություն մեկ այլ մարդու համար։