ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը` բուհի Միջազգային համագործակցության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի հետ գործակցության շրջանակում իրականացվում է «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը: Երևան-Քյոլն կրթամշակութային փոխանակման ծրագրի առանցքում բարեկամության և փոխըմբռնման ուղեծիրն է՝ որպես երկու երկրների երիտասարդների միջև հարաբերությունների կառուցման նոր աստիճան:
Ծրագրի կարգախոսն է՝ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով»:
Ծրագրի նպատակն է խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման միջոց.
Ծրագրի շրջանակում 2024թ. մարտի 3-11-ը «Հերացի» դպրոցի 11 աշակերտ այցելել են Քյոլն, որտեղ իրականացրել են նախագծային աշխատանքի առաջին փուլը, ինչպես նաև հաղորդակից են դարձել գերմանական մշակույթին:
Աշակերտները եղել են Քյոլնի տաճարում, Յավնեի պատմական հուշահամալիրում, Լյուդվիգ Վան Բեթհովենի տուն-թանգարանում (Բոն), Գերմանիայի պատմության թանգարանում (Բոն), Քյոլնի Շոկոլադի թանգարանում: Այցն ուղեկցվել է հետաքրքիր ժամանցով և անմոռանալի տպավորություններով:
Նախագծային աշխատանքները կազմակերպվել են Յավնեի պատմական հուշահամալիրում: Աշխատանքի արդյունքները ներկայացվել են ցուցահանդես-միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Ուրսուլինե ռեալական դպրոցի խորհրդի նախագահը՝ Ալֆրեդ Շվանկեն, Եկեղեցու ներկայացուցիչները, Յավնեի հուշահամալիրի աշխատակազմը և ղեկավար անձինք, տեղական մամուլի և ռադիոյի լրագրողներ, ինչպես նաև աշակերտների ծնողները: Միջոցառումը լուսաբանվել է Քյոլնի տեղական մամուլում և ռադիոյով:
Ստորև ներկայացնում ենք գերմաներեն տեղեկատվություներ և այլ մանրամասներ՝ այցի, աշակերտների առօրյայի և կատարած աշխատանքների մասին: