ԵՊԲՀ 2022-2023թթ. ուսումնական տարվա «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառու, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Սյուզան Հովսեփյանը մանկուց հետաքրքրված է եղել մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական և պաթոլոգիական գործունեության սկզբունքներով, մաթեմատիկայով, միշտ սիրել է փնտրել խնդիրներ ու փորձել գտնել դրանց լուծումները։
«Իմ փնտրած խնդիրների բազմությունը գտել եմ մարդու օրգանիզմում։ Մարդկանց խնդիրների լուծմանն օգնելու ցանկությամբ էլ սրտի կանչով ընտրել եմ բժշկի ուղին: Բժշկության մեջ յուրաքանչյուր հիվանդի հետ ոչ միայն օգնում ես լուծել իր օրգանիզմում առաջացած խնդիրը, այլև գործելով «բուժել հիվանդին, այլ ոչ հիվանդությունը» սկզբունքով նույն խնդրին ամեն անգամ տալիս համապատասխան այլ լուծում։ Բժշկությունն ազնվագույնն է բոլոր մասնագիտությունների մեջ, որովհետև աշխատում է բնության ամենահետաքրքիր ստեղծագործություններից մեկի՝ մարդու օրգանիզմի հետ, առավել ևս երբեմն կարողանում գերազանցել բնությանը՝ շտկելով նրանում առաջացած ախտաբանական մեխանիզմները»,- նշում է ապագա բժիշկը։
Նրա խոսքով, չնայած բժշկության առաջընթացին, մարդու օրգանիզմում տեղի ունեցող որոշ գործընթացներ դեռևս հանելուկ են մարդկության համար և հաճելի է ունենալ անընդհատ զարգացող մասնագիտություն, ինչպես նաև ԵՊԲՀ-ի կողմից ընձեռնված հնարավորությունների շնորհիվ լինել գիտահետազոտական աշխատանքների իրականացման մասնիկ՝ փոքր ներդրում ունենալով այդ գործընթացում։
Ապագա բժիշկը դեռ չի շտապում նեղ մասնագիտության ընտրության հարցում. «Ամեն նոր կլինիկական ցիկլի ընթացքում նոր նեղ մասնագիտություն ուսումնասիրելիս, պրոֆեսորադասախոսական կազմի օգնությամբ և օրինակով ներգրավվում ես նրանց աշխատանքի մեջ և քեզ թեկուզ երկու շաբաթով պատկերացնում այս կամ այն մասնագետ, հասկանում ինչքանով են քո հմտություններն ու ընդունակություններն համապատասխանում։ Այդ իսկ պատճառով կարևորում եմ բոլոր մասնագիտությունները դիտարկելը և վերջում «սրտի ձայնին» լսելով առավել հոգեհարազատ մասնագիտությունն ընտրելը»։
Բժշկին անհրաժեշտ է առաջին հերթին արտահայտված էմպաթիայի` կարեկցանքի զգացում։ Այս համոզմանն է Սյուզան Հովսեփյանը:
«Լատիներենից և հունարենից բացի բժիշկը պետք է սովորի նաև հասկանալ և խոսել «հիվանդի լեզվով»։ Բժշկին անհրաժեշտ են նաև զարգացած հոգեբանական գիտեիքներ, որովհետև, ինչպես ասում էր Բեխտերևը, եթե բժշկի հետ խոսակցությունից հետո հիվանդը չի հանգստանում, ուրեմն նա բժիշկ չէ։ Բժշկին անհրաժեշտ է ամեն վայրկյան օգնելու պատրաստակամություն, որովհետև Հիպոկրատի երդում տալով, մենք մտովի հագնում ենք և ամբողջ կյանքում, կյանքի ցանակացած իրավիճակում մնում սպիտակ խալաթով»,-նշում է հերացիականը՝ կարևորելով նաև պարտաճանաչության, սթրեսակայունության, արագ կողմնորոշվելու հատկությունները, տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների շարունակական զարգացումն ու դրանց համատեղ գործածումը։
Սյուզան Հովսեփյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում սովորելն ու բժիշկ դառնալու ուղին, իհարկե, հեշտ չէ և լի է մի շարք խոչընդոտներով, բայց նպատակասլացության, համառության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ամեն օր կարելի է մի քայլ ավելի մոտենալ ճերմակ խալաթ կրելու և բժիշկ բարձրագույն կոչմանն արժանանալու բաղձալի երազանքին։
«Բարձր առաջադիմություն ապահովելու համար կարևորում եմ ժամանակի ճիշտ բաշխումը, սովորելու ու հանգստի ժամանակի բալանսավորումը։ Եվ այդ հարցում անգնահատելի է ծնողների, ուսանողական ընկերների աջակցությունը, որոնք պատրաստակամ են օգնել, հասկանալ և պատասխանել ցանկացած հարցին, քեզ հետ անցնելով և հետաքրքրացնելով այդ երկար ուղին»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը՝ շեշտելով, որ դժվարությունների հանդիպելով երբեմն տատանվել է, սակայն երբեք չի զղջացել մասնագիտության ընտրության հարցում, և եթե նորից հնարավոր լիներ ընտրել մասնագիտություն՝ կրկին կընտրեր բժշկությունն ու ԵՊԲՀ-ն։