Բժշկական կրթության 100-ամյա հոբելյանի առիթով իրականացվող «Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում այսօր բացվեց ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վաղինակ Գրիգորյանի անվան լսարան:
ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը շնորհավորելով լսարանի բացման կապակցությամբ՝ ներկայացրեց ականավոր ֆիզիոլոգի անցած ուղին: «Վաղինակ Գրիգորյանի ներդրումը բուհի զարգացման ու կադրերի պատրաստման գործում մեծ է»,-ասաց ամբիոնի վարիչը:
ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը նույնպես վերհիշեց Վաղինակ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունը, նրա հետ անցած տարիները: «Նա ազնիվ ու նվիրված անձնավորություն էր: Ասում էր՝ կարելի է օբյեկտիվ ու խիստ լինել, սակայն չափավորությունն ու մարդկային արժանապահությունը պետք է պահպանել»,-ասաց ակադեմիկոսը՝ ավելացնելով, որ վարչական աշխատանքի առաջին քայլերը սովորել է Վաղինակ Գրիգորյանից:
Նոմինացիոն կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի խոսքով՝ բժշկական համալսարանում ձևավորված ավանդույթը ողջունելի է: «Ամբիոններում լսարաններն անվանի պրոֆեսորների անուններով անվանակոչելը երիտասարդ գործընկերների և ուսանողների համար կարևոր նշանակություն ունի»,-նշեց պրոֆեսորը՝ ընդգծելով, որ Վաղինակ Գրիգորյանն առանձնանում էր որպես գիտնական՝ նա հիանալի տիրապետում էր ֆիզիոլոգիայի տերմինաբանությանը: Նա համահեղինակել է ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բառարանն ու ոուս-հայերեն-լատիներեն ֆիզիոլոգիական բացատրական բառարանը, որը կարևոր նշանակություն ունի ֆիզիոլոգիայի ամբիոնի ուսումնական գործընթացում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «Վերադարձ» ծրագիրը միտված է ապագա սերունդներին ներկայացնել100-ամյա բուհի կայացման գործում ներդրում ունեցած գիտնականներին: «Ծրագիրը կայացած է, քանի որ այլ ամբիոնների կողմից նույնպես ներկայացվել են առաջարկություններ անվանի գիտնականների անուններով լսարաններ անվանակոչելու համար»,-ասաց ռեկտորը՝ շեշտելով, որ այսպիսով բուհը վառ է պահում բժշկական կրթության գործում մեծ ավանդ ունեցող ուսուցիչների անունները՝ ճանաչելի դարձնելով ապագա սերունդներին: