Գրող, հրապարակախոս և երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի հիման վրա Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացումը դարձավ յուրօրինակ դաս՝ ապագա բժիշկների համար:
ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի «Հայֆա» հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանի նախաձեռնությամբ երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներ բիոէթիկայի դասը անցկացրին թատրոնում՝ արվեստի միջոցով անդրադառնալով բարոյականության, արժեքների և ընտանեկան հարաբերությունների թեմաներին։
Ներկայացումից առաջ տիկին Դավթյանը ուսանողներին ներկայացրեց հայ կինոարվեստի մեծ վարպետ Հենրիկ Մալյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը հայկական կինեմատոգրաֆիայում («Եռանկյունի», «Կարոտ», «Կտոր մը երկինք», «Հայրիկ», «Ճանապարհ դեպի կրկես», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Նվագախմբի տղաները»)։
Այնուհետև նա խոսեց ներկայացման բեմադրիչ Ժիրայր Փափազյանի մասին՝ պատմելով նրա ստեղծագործական ուղու, արվեստի նկատմամբ նվիրվածության և հայ մշակույթի նկատմամբ սիրո մասին։ Ժիրայր Փափազյանը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է արտերկրում՝ ներկայացնելով հայ դրամատուրգիան անգլերեն և ֆրանսերեն աշխարհի տարբեր բեմերում։
Նրա բեմադրությունները միավորում են հայկական մտածողությունը և ժամանակակից թատերարվեստի լեզուն՝ հնարավորություն տալով տարբեր ժողովուրդների հանդիսատեսին ճանաչել հայկական հումորը, հոգեբանությունը և մարդկային արժեքները։
Պրոֆեսոր Դավթյանը նաև ներկայացրեց Հակոբ Պարոնյանի ստեղծագործական ժառանգությունը՝ մասնավորապես այն գաղափարները, որոնք մինչ օրս մնում են արդիական։ Նա հորդորեց ուսանողներին դիտել ներկայացումը ոչ միայն որպես գեղարվեստական կատարում, այլև որպես կյանքի դաս՝ հասկանալու համար, որ շահի վրա հիմնված ամուսնությունը երբեք չի կարող դառնալ առողջ և երջանիկ ընտանիքի հիմք։
Ներկայացումը ուսանողների վրա թողեց խորը տպավորություն՝ համադրելով հումորը, սատիրան և մարդկային արժեքների մասին մտորումները։ Սուսաննա Դավթյանը, որը բժշկական մայր բուհի ուսանողներին հաճախ է դարձնում մշակութային միջոցառումների մասնակից, այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծեց բիոէթիկայի դաստիարակչական և արժեքային դերը բժշկական կրթության համակարգում, քանի որ նա մեջբերելով Արիստոտելին, վստահ է՝ «Միտքը կրթել առանց սիրտը կրթելու՝ կրթություն չէ ընդհանրապես»:
Այս ձևաչափը ոչ միայն հարստացնում է ուսանողների մշակութային փորձառությունը, այլև նպաստում է նրանց աշխարհայացքի ձևավորմանը՝ ընդգծելով, որ բժշկի մասնագիտությունը անքակտելի է մարդասիրությունից, բարոյական արժեքներից և հոգևոր մշակույթից։